Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընդունել է Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը եւ նշել, որ նրանց այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների եւ հատկապես  միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում:

Նրա գնահատմամբ` տարբեր մակարդակներում հայ-չեխական համագործակցությունը վերընթաց բնույթ է ստացել, եւ Հայաստանը կարեւորում  է Չեխիայի հետ համակողմանի փոխգործակցությունը, քաղաքական երկխոսության շարունակականությունը, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացումը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հիմնախնդրի, հայ –թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ վերջին արտաքին քաղաքական զարգացումների

վերաբերյալ: Նա  բարձր գնահատեց ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Չեխիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ կմիանա այն երկրներին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի Հանրապետության Մաքսային Միությանն անդամակցելու որոշմանը անդրադառնալով` ԱԺ նախագահը նշել է,  որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է մեր երկրի շահերից: «Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ մշտապես առաջնորդվել է եւ շարունակում  է առաջնորդվել  շահերի համադրման սկզբունքով եւ  շարունակելու է   խորացնել ու ընդլայնել հարաբերությունները թե մեր եվրոպական գործընկերների եւ թե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Չեխիայի Սենատի փոխնախագահը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը եւ ընդլայնումը տարբեր ոլորտներում: Տիկին Հորսկան կարեւոր է համարել համագործակցության ընդլայնումը նաեւ մարզերի եւ քաղաքների միջեւ ` գոհունակությամբ փաստելով Կառլովի Վարի եւ Ջերմուկ քաղաքների միջեւ գործակցությունը, որի հիմքը դրվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչան, անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը, նշել է. « Կարծում եմ՝  բոլոր պետությունները պետք է հարգեն Հայաստանի ընտրությունը` Մաքսային միությանը անդամակցելու որոշումը»: