Անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում քաղաքական շփումների բարձր մակարդակով եւ այսօր էլ այդ հարաբերությունները զարգացման վերընթաց բնույթ են կրում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Քալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ նախագահը կարեւորելով նրանց այցը Հայաստան` համոզմունք է հայտնել, որ այն մեծապես կնպաստի Հայաստանի եւ Քալիֆորնիայի միջեւ առկա հարաբերությունների աշխուժացմանն ու խորացմանը: «Ուրախ եմ, որ հյուրընկալում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոշոր, տնտեսապես ամենահզոր եւ հայ սփյուռքի ամենաստվար զանգվածներից մեկի հայրենիքը հանդիսացող Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի պատվիրակությանը, որի կազմում են նաեւ հայ օրենսդիրներ Քաչո Աչաջյանը եւ Ադրին Նազարյանը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ խնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային արտաքին քաղաքական զարգացումներին: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը` Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքորոշմամբ՝ հակամարտության միայն խաղաղ ճանապարհով լուծելու օգտին` միջազգայնորեն ճանաչված երեք սկզբունքների հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ ապրելու իր իրավունքը եւ չպետք է անտեսված լինի միջազգային հանրության կողմից»:
Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ տարիների ընթացքում Քալիֆորնիայի իշխանությունները մշտապես նահանգային եւ տեղական մակարդակներով բանաձեւեր են ընդունել հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Այնուամենայնիվ, կարծում եմ` Քալիֆորնիան պետք է շարունակի ավելի հետեւողական լինել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ պետական մակարդակով ճանաչելու գործում՝ միեւնույն ժամանակ օրինակ ծառայելով մյուս նահանգների համար»,- ասել է ԱԺ նախագահը: Քալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսը նշել է, որ նահանգը ծրագրում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ լայնածավալ միջոցառումներ անցկացնել, այդ թվում Լոս Անջելեսում նախատեսվում է ստեղծել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հանդիպման վերջում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Քալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսին պարգեւատրել է ԱԺ պատվո մեդալով` ԱՄՆ Նահանգային ժողովի եւ ՀՀ ԱԺ միջեւ խորհրդարանական կապերի զարգացման, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Քալիֆորնիա:




























