«Ժառանգությամբ ստացված իշխանության անփոխարինելիության սահմանադրական ամրագրումից հետո, նախագահ Ալիեւը իրեն իրավունք է վերապահել խոսել ժամանակի, միջազգային իրավունքի, միջնորդների, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից»,- ի պատասխան ԼՂ խնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած մի շարք հայտարարությունների, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ու հավելել. «Բաքուն ձեւ է անում, թե չի հասկանում ԼՂ անկախությանը այլընտրանքի բացակայությունը` ոչ հիմա, ոչ հարյուր տարի անց, կամ էլ երբեւէ: ԼՂՀ-ն միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան կայացած պետություն է, որը կարողացել է դիմագրավել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը եւ ագրեսիային: Ադրբեջանը` ստիպված լինելով զինադադար ստորագրել ԼՂՀ հետ, նրա անկախությունը ճանաչել է դեռեւս 1994 թ.:
Նախագահ Ալիեւի հայտարարությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ կառուցողական երկխոսությանը անպատրաստ լինելու վառ ապացույց են: Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը, որն առաջացել է նավթային ասեղի վրա նստելուց ու հակամարտության էության եւ բանակցությունների ընթացքի վերաբերյալ անվերջ խեղաթյուրումներից: Չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, որոնք ուղղված են հերթական անգամ նույն փոցխին կանգնելուն: Ադրբեջանը հնարավորություն ունի դուրս բերել զորքերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից եւ սկսել ԼՂՀ հետ բանակցությունները մինչեւ պատրանքների, խեղաթյուրումների ու ինքնահավան կերպով սուր ճոճելու փուչիկը կպայթի»:



























