Մաքսային միությունում չկա որեւէ բան, ինչը կխանգարեր Հայաստանին կատարելու այն բարեփոխումները, որոնք խոստացել էին կատարել Հայաստանի նախագահը, վարչապետն ու մյուսները: Այս մասին Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

«Որպես Հայաստանի բարեկամ եւ գործընկեր, մեր հիմնական նպատակն է հասնել հաջողության քաջալերելով բարեփոխումները քաղաքական, տնտեսական եւ իրավական ոլորտներում»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները թե հրապարակավ, թե մասնավոր զրույցներում ԱՄՆ-ին վստահեցնում են, որ մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը եւ մենք էլ շարունակելու ենք աջակցել ու խրախուսել այդ ընթացքը:

Հարցին, թե արդյոք հիասթափված եք Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու որոշման առնչությամբ, Հեֆերնը պատասխանել է. «Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ արեւմտյան գործընկերները օգտակար կլինեն Հայաստանի համար: Դեպի ԵՄ ճանապարհը կարող էր լինել այն ուժը, որը Հայաստանին կտաներ ճիշտ ուղղությամբ ժողովրդավարության, կառավարման եւ օրենքի գերակայության ոլորտներում: Բայց մյուս կողմից Հայաստանն ինքն է ընտրում իր ուղին:

Ես չգիտեմ տեղի ունեցածը ողջ նախապատմությունը եւ թե որոնք էին նախագահի որոշման վրա ազդած բոլոր գործոնները: Ակնհայտորեն այդ մասին տեղեկացված չեմ եղել եւ պատճառ էլ չի եղել այդ մասին իմանալու: Խոստովանում եմ, որ մինչ բոլորովին վերջերս ակնկալում էի, որ երկու համաձայնագրերն էլ Վիլնյուսում կնախաստորագրվեն»: