Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուռ Բուքիքիոյի ներկայությամբ ստորագրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունը եւ «Տարածքային համայնքների կամ իշխանությունների միջեւ անդրսահմանային համագործակցության մասին» եվրոպական շրջանակային կոնվենցիայի «Եվրատարածաշրջանային համագործակցության խմբավորումների վերաբերյալ» երրորդ արձանագրությունը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրությունները բացվել էին ստորագրման համար 2009թ. նոյեմբերի 16-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում՝ Տեղական եւ տարածքային կառավարման համար պատասխանատու նախարարների ԵԽ համաժողովի 16-րդ նստաշրջանի ընթացքում:
Ստորագրմանը հաջորդել է Երեւանի քաղաքապետի եւ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպումը:


























