Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 22-ին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով եռօրյա պաշտոնական այցով մեկնում է Սիրիա:
Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Արտաքին գործերի, Սփյուռքի, Մշակույթի, Գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:
Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին կհետեւի պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես կգան նաեւ համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, «Հայ-սիրիական հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի քաղաքի պատմամշակութային վայրեր:
Դամասկոսի օպերային թատրոնում, Հայաստանի եւ Սիրիայի առաջին տիկնանց բարձր հովանու ներքո, Հայաստանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:
Սերժ Սարգսյանը այցի շրջանակում կլինի նաեւ Հալեպում եւ Դեյր Զորում, հանդիպումներ կունենա տեղական իշխանությունների ղեկավարների եւ Հալեպի ու Դեյր-Զորի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


























