«ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունները, թե Հայաստանը հայտնվել է 98թ. իրավիճակում, որ ղարաբաղյան գործընթացը ձախողված է եւ հասել է իշխանափոխության ժամանակը, զարմացնում են ինձ»,- մարտի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

Նրա խոսքով, նախկին պաշտոնյայի կողմից արված հայտարարությունները զարմանալի են այնքանով, որքանով արված են իրենց նախկին թիմակցի կողմից. «10 տարի նա է մեր թիմի հետ ներկայացրել երկրի արտաքին քաղաքականությունը, եւ եթե այդ ոլորտում որեւէ ձախողում կամ սխալ կա, ապա հիմնական պատասխանատվությունը նրա վրա է»,- կարծիք հայտնեց Ռ. Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ ղարաբաղյան գործընթացը ձախողված գնահատելու համար նախկին արտգործնախարարը առաջինն իրեն պետք է մեղադրի։

Նշելով, որ այսօր, երկու տարի առաջվա համեմատ, իշխանությունների մոտեցումները Ղարաբաղի հարցում որոշակիորեն փոխվել են, նա շեշտեց, որ Հայաստանն այլեւս հանդես է գալիս Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու օգտին. «Դա պետք է արվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, այսինքն Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ինքնորոշման հարցը եւ ինքն էլ մասնակցի բանակցություններին»,- համոզմունք հայտնեց հանրապետական գործիչը՝ հավելելով, որ նախկինում շրջանառվող այն խոսակցությունները, թե «Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղցի է եւ դրա պատճառով էլ ներկայացնում է Ղարաբաղը», դեռ ոչինչ չեն նշանակում, քանի որ ՀՀ նախկին նախագահը ղարաբաղի ժողովուրդը չէ։

Ռ. Զոհրաբյանի համոզմամբ, իշխանությունների սխալը կայանում է նրանում, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից, սակայն այսուհետ արվելու է ամեն բան, որպեսզի այդ սխալն ուղղվի. «Ղարաբաղյան հարցը փակուղում է հայտնվել, որովհետեւ 98-ին նաեւ Ադրբեջանի պահանջով ԼՂՀ դուրս մղվեց բանակցություններից։ Հայկական կողմի սխալը նրանում էր, որ մենք համաձայնեցինք դրան։ Եվ հիմա, երբ փորձում ենք քաջություն ցուցաբերելով շտկել մեր սխալները, նախկին պաշտոնյաները նեղանում են դրանից»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը՝ ընդգծելով, որ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն, անշուշտ, հեշտ չի լինելու։

Նշենք, որ օրերս ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, թե Հայաստանը հայտվել է 1998 թ. իրավիճակում եւ ղարաբաղյան գործընթացը ձախողված է։