Թուրքիայի իսլամիստական ուղղվածության «Բարգավաճում» կուսակցության ղեկավար Նուման Քուրթուլմուշը կուսակցության համաժողովի ժամանակ անդրադարձել է Թուրքիային հուզող խնդիրներին, այդ թվում մեղադրել Էրդողանին՝ 100 հազար անօրինական հայերին երկրից վտարելու հայտարարության համար։

Թուրքական Timeturk-ի փոխանցմամբ՝ Քուրթուլմուշը նշել է. «Դարասկզբին միջազգային իմպերիալիստների կողմից իրականացրած դավադրության արդյունքում թե՛ մահմեդականները, թե՛ հայերը մեծ զրկանքներ են կրել։ Թող ոչ ոք Օսմանյան կայսրությունը քանդած իթթիհադական (Հայոց ցեղասպանությունը իրականացրած երիտթուրքերի կուսակցություն) բանդաների արած սխալները չվերագրի մեր ազգին։

Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ հարկ եղած դեպքում կվտարի Թուրքիայում ապրող անօրինական հայերին։ Սակայն այդ խոսքերը հնարավոր չէ որեւէ կողմից արդարացնել։ Մի՞ թե այս հողերը բաց են անհագուրդ ախորժակ ունեցող կապիտալիստների համար, իսկ կարիքավոր հայերի համար փակ են։ Նման մոտեցում մեր քաղաքակրթությանը հարիր չէ։ 1071-ից հետո էլ (Մանազկերտի ճակատամարտի թվականը, որտեղ բյուզանդական բանակը ջախջախվեց սելջուկների կողմից, խմբ.) հայերը եւ մյուս բոլոր քրիստոնյաները ապրել են այս հողերում։ Դա նաեւ մեր մարգարեի պատգամն է»,-նշել է Նուման Քուրթուլմուշը։