Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առկա է տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, ուստի ամեն ինչ պետք է անենք այն իրացնելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ հանդիպման ժամանակ նշել է Վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւան է ժամանել Չեխիայի խորհրդարանի Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Բարձր ենք գնահատում մեր երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների մակարդակը: Առկա է նաեւ տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, ուստի ամեն ինչ պետք է անենք այն իրացնելու համար»:
Չեխիայի Սենատի փոխնախագահը եւս կարեւորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության, այդ թվում առեւտրաշրջանառության ծավալի ավելացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Միլուշե Հորսկան նշել է, որ իր երկիրը շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ տարբեր բնագավառներում կապերի սերտացման ու զարգացման գործում:
Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, երկու երկրների միջխորհրդարական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին եւ մի շարք այլ հարցերի:





























