Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է ռոբոտների մրցույթ, որոնք կիրառվելու են ռազմական ոլորտում: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հայաստանի ռոբոտների բաց առաջնության» մենեջեր Մարիամ Նահապետյանը` ավելացնելով, որ ռազմական ոլորտում ռոբոտների ստեղծումը Հայաստանում սկսվում է պարզագույն խնդիրների լուծումից:
«Ռազմական ոլորտում ռոբոտների առաջին մրցույթի շրջանակներում կստեղծվեն ական փնտրող ռոբոտներ, որոնք հողի վրա քայլելով կկարողանան շատ արագ հայտնաբերել ականները»,- ասաց Նահապետյանը` ավելացնելով, որ ական փնտրող ռոբոտների մրցույթը տեղի կունենա մայիսի 9-ին Ղարաբաղում` Շուշիում, հաղթականի տոնակատարության օրերին, քանի որ այնտեղ պատերազմի հետեւանքով մնացած ականապատված տարածքներ շատ կան:
Նահապետյանի խոսքով` նման կերպ նոր տեխնոլոգիաները կարող են աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտին, քանի որ աշխարհի շատ զարգացած երկրներ վաղուց արդեն կիրառում են տեխնոլոգիաների բերած նոր հնարավորությունները:
Տեղեկացնենք, որ «Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը» Հայաստանում անցկացվում է 2008թ.-ից՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ջանքերով:



























