20-ամյա ուսանող Աուրելին Հեյմանը հիշում է իր կյանքի վերջին 10 տարվա ամեն րոպեն: Նման հիվանդությունը կոչվում է հիպերտեմիզիա, որը հայտնաբերվելէ աշխարհում միայն 20 հոգու մոտ:
Երիտասարդի անոմալ հիշողությունը բացահայտվեց 11 տարեկան հասակում: «Դա այն չէ, ինչը ես պարզել եմ մեկ գիշերվա ընթացքում: Սակայն երբ 14 տարեկան էի, հասկացա, որ հիշում եմ իրադարձություններ, որոնք մի քանի տարի առաջ են տեղի ունեցել»,- ասում է տղան: Հեյմանը հիշում է ոչ միայն իրադարձությունները, այլ նաեւ պայմանները՝ երաժշտությունը, որը լսել է, կերակուրը, որը կերել է, հագուստը, որը եղել է հագին:
Օրինակ, երբ նրան հարցրել են պատահական օրվա՝ 2006թ.-ի հոկտեմբերի 1-ի մասին, նա հիշել է, որ դա կիրակի էր, ամպամած օր էր, լսում էր «The Killers» խմբի երգը, այդ օրը ինքը աղջկա է հրավիրել հանդիպման, ով մերժել է: Բացի այդ Հեյմանը հիշում է, որ հագին եղել է երկնագույն շապիկ, եւ որ դրանից մի քանի օր առաջ տանը էլեկտրականություն չի եղել, հաղորդում է Novoston.ru-ն:
Հեյմանը Բրիտանիայում միակ մարդն է, ում մոտ հիպերտեմիզիա են հայտնաբերել: Սովորաբար իշողությունները պահվում են գլխուղեղի աջ ճակատային մասում՝ երկարաժամկետ հիշողության մեջ: Սակայն Հեյմանի մոտ գործում է նաեւ ձախ ճակատային մասը, որը պատասխանատու է լեզվի համար, ինչպես նաեւ տեսողական հիշողությունները պահող ուղեղի ծոծրակային հատվածը:
Ցավոք, նման յուրահատուկ հիշողությունները միայն իր վերաբերյալ են: Ուսանողն ասում է, որ քննությունների ժամանակ այդ ֆենոմենն իրեն ոչ մի կերպ չի օգնում:





























