Հայտնի տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր, ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն կմասնակցի «Հայաստանի տնտեսական զարգացումը, աճի հեռանկարներն ու անկման ռիսկերը» թեմայով համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին` Մասաչուսեթսի Բելմոնտի հայագիտության եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայում: Այս մասին տեղեկացնում է Armenianweekly-ն:

Տ. Աճեմօղլուն համաժողովին կմասնակցի որպես վարող` Policy Forum Armenia (PFA) կազմակերպության համահիմնադիր, Արժույթի միջազգային հիմնադրամի ավագ տնտեսագետ Դավիթ Գրիգորյանի հետ:

 Տ. Աճեմօղլուն կներկայացնի իր համահեղինակած (Ջեյմս Ռոբինսոնի հետ) «Ինչու են ազգերը կործանվում, իշխանության առաջացումը. Հարստություն եւ աղքատություն» գիրքը:

Հիշեցնենք, որ Տ. Աճեմօղլուն ընդգրկված է Ամերիկյան Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում: Իսկ IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը: