Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը չի բողոքարկելու իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: 

Նա չբողոքարկելու իր որոշումը հիմնավորեց մի քանի հանգամանքներով: Այսպես, Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ առաջին պատճառն այն է, որ նա չի հավատում Հայաստանում արդարադատությանը: «Այդքան միամիտ չեմ ու հատկապես վերջերս Հայաստանի արդարադատության համակարգում տեղի ունեցածը տեսնելով, օրինակ՝ Տիգրան Առաքելյանին երկու տարի ազատազրկման մեջ են պահում, իսկ Սուրեն խաչատրյանի որդուն ազատում են, միանշանակ է, որ Հայաստանում այս խնդիրը չի լուծվելու, որովհետեւ դատարանները անկախ չեն, իսկ միակ ճանապարհը դատարաններն են»:

Գործը կարճելու որոշումը չբողոքարկելու մյուս պատճառն այն է, որ դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ հայցը բավարարվելու դեպքում, այդ ֆինանսական ծախսերը դրվում են ՀՀ բյուջեի վրա, այսինքն՝  հասարակ քաղաքացիների վրա, եւ ավագանու անդամը չի ցանկանում, որ մեր քաղաքացիներն ընկնեն ֆինանսական նոր բեռի տակ:

Չբողոքարկելու մյուս պատճառն այն է, որ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ոստիկանական համակարգում որակական փոփոխությունների խնդիրը ոչ այնքան եվրոպական ատյանի որոշման արդյունքում կարող է  լինել, այլ այն պայմանավորված է հայաստանյան ներքաղաքական փոփոխություններով, եւ դրանք կախված են, թե հասարակությունը ինչ պահանջներ է դնում իշխող համակարգի, քաղաքական ուժերի առաջ:

«Մինչ դատը լիներ, Հայաստանում մի քանի տարի կանցներ, կամ կմնար այն վիճակը, ինչ կա, կամ հնարավոր է ավելի խորանար ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունները, կամ էլ կարող էր իշխանություն փոխվեր, այլ մթնոլորտ տիրեր եւ երբեւէ նման քայլերի կարիք չառաջանար»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը: Չբողոքարկելու պատճառներից է նաեւ այն, որ Արմեն Մարտիրոսյանի տեղեկություններով՝ երեկոյան միջադեպի մասնակից երկու ոստիկան ազատվել են աշխատանքից:

Ավագանու անդամն ասաց, որ քննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանները մեղավոր չեն եղել, ինքն է եղել մեղավոր, իսկ տեսագրությունները, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, «երեւի Հոլիվուդում են նկարված եղել կամ մոնտաժվել են»: «Իհարկե, սպասելի էր, հո չէ՞ին ասելու ոստիկաններն են մեղավոր, թեկնածուի քարոզարշավը եւ խաղաղ երթը խանգարել են եւ բռնություն են գործադրել նրա հարազատների նկատմամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, բոլորի աչքի առջեւ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) կարճվել է։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am