Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից «Associated Press» գործակալության լրագրողը հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը եւ որքան մոտ է կարգավորումը, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցություններում իր գերխնդիրը ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովումն է:

«Ես փնտրում եմ լուծումներ, որոնք հնարավորություն կտան ԼՂ բնակչությանն անվտանգ զարգանալ պատմական տարածքում, սակայն մեր տարածաշրջանում եւս ռազմատենչ հայտարարություններ են հնչում, խորանում է թշնամանքը, փոխադարձ կասկածամտությունը: Ելնելով սրանից է, որ ես վերջերս հրապարակայնորեն առաջարկեցի Ադրբեջանին, կնքել ուժի և դրա սպառնալիքի չկիրառման մասին պայմանագիր, ինչը հնարավորություն կտա որոշակի կայունություն հաստատել և որոշակի վստահության մթնոլորտ ձևավորել: Փաստորեն, մերժելով մեր առաջարկությունը, Ադրբեջանն արհամարհում է Միջազգային իրավունքի այս կարևորագույն սկզբունքը: Սա լավ բանի չի կարող հանգեցնել»,- ընդգծել է ՀՀ նախագահն ու հավելել. «Այսպիսի իրավիճակ էր նաև 1990-ականների սկզբներին, երբ մենք ասում էինք խաղաղ ճանապարհով պետք է լուծել Ղարաբաղի խնդիրը, Ադրբեջանը գնաց ագրեսիայի, և ահա այսօր ունենք այն վիճակը, ինչ որ ունենք»: