Ստեղծված պայմաններում Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը չարյաց փոքրագույնն է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  խորհրդարանում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:

«Եթե չլիներ սեպտեմբերի 3-ի որոշումը, կլիներ Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթաժողովը: Ըստ էության` դա նույն բանն է»,  - հայտարարել է նա, հավելելով, որ, բնականաբար, ՄՄ-ն ավելի նախընտրելի է: Նա նշել է, որ անդամակցության հարցում Հայաստանի վրա ոչ ոք ճնշում չի գործադրել, իրականում Հայաստանն ինքն իրեն ընտրության առաջ կանգնեցրեց: Իսագուլյանն ընդգծել է, որ անկախության ձեռքբերումից ի վեր` երկրի քաղաքական վերնախավը զբաղված էր ոչ թե ազգային ծրագրերի իրականացմամբ, այլ սեփական վերարտադրությամբ, եւ հենց այդ ջանքերի վրա էլ ծախսվել է ամբողջ ազգային եւ պետական ներուժը: Ըստ նրա` հենց այդ պատճառով էլ Հայաստանը հայտնվել է այն վիճակում, որ ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը:

Նշելով, որ սեպտեմբերի 3-ի որոշմամբ երկրի ազգային եւ պետական ներուժը վերջնականապես քայքայվել էր, Իսագուլյանը նկատել է, որ երկիրն արդեն անցել է Ռուբիկոնը եւ չի կարող հետ կանգնել տվյալ որոշումից, քանի որ այդ դեպքում հետեւանքներն էլ ավելի վատ կլինեն:  Ըստ նրա` անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ ներուժը վերականգնելու համար, սակայն գործող իշխող վերնախավը  ի վիճակի չէ դա անել: «Ներկայիս իշխող վերնախավի շարքերում բազմակարծություն չկա, որոշումը մեկ մարդ է կայացնում` առանց որեւէ նախնական քննարկումների , եւ ոչ ոք նրան չի հակաճառում»,  - նշել է նա: Նա նաեւ նկատել է, որ Արեւմուտքը Վիլնյուսում կաշխատի ապահովել  որեւէ փաստաթղթի ստորագրում` որոշման հերթական փոփոխության հույս ունենալով:   «Երբ երկրում որոշումը միանձնյա է կայացվում, այդ երկրի վրա հեշտ է ազդել եւ ապահովել որոշման փոփոխությունը», - կարծում է նա:

Խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին` նա ընդգծել է, որ պետք է նախագահների խորհուրդ ձեւավորվի, որն էլ ելք կգտնի ստեղծված իրավիճակից: «Խորհուրդը կարող է ձեւավորվել Հայաստանի երեք նախագահների ձեւաչափով` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, խորհուրդը կարող է լինել նաեւ 3+2 ձեւաչափով` Հայաստանի երեք եւ ԼՂՀ-ի երկու նախագահները` Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը», - հայտնել է նա: Իսագուլյանը նշել է, որ նման նախաձեռնությամբ մտադիր է դիմել Հայաստանի երեք նախագահներին, ինչպես նաեւ հանդիպել Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ: