Անկարայի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազության կողմից հետաքննվող 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռն» հեղաշրջման գործով դատավարության շրջանակներում հայց է ներկայացվել Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի նկատմամբ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռն» հեղաշրջման գործով  տուժողների փաստաբաններից Մուսթաֆա Փոլաթը Էրզրումի ծանր հանցագործությունների գործերով 4-րդ դատարանի միջոցով դատական հայց է ներկայացրել գործը վարող Անկարայի ծանր հանցագործությունների գործերով 13-րդ դատարան:

Նշենք, որ հիշյալ գործով մեղադրանք է ներկայացվել 103 մարդու նկատմամբ:

Մեղադրական զեկույցում գլխավոր մեղադրյալը ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Իսմաիլ Հաքքը Քարադայն է։ Մեղադրյալների ցուցակը հաջորդաբար շարունակում են ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետի տեղակալ Չեւիք Բիրը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա քարտուղար Էրոլ Օզքասնաքը։

1997-ի փետրվարի 28-ի հեղաշրջման հետեւանքով իշխանությունից հեռացվեց իսլամիստական «Բարօրություն» կուսակցությունը, որի ղեկավար կազմի նկատմամբ դատական գործեր էին բացվել։ Այդ ժամանակ ձերբակալվել եւ դատապարտվել էր Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։