Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գեղամ Անդրեասյանը 2013թ. հունիսի 25-ին` ժամը 13 անց 40-ի սահմաններում, օգտվելով Երեւան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկի դուռը բաց լինելու հանգամանքից, նշված բնակարանի բնակիչներին պատկանող գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ նրան նկատել է այդ պահին բնակարանում գտնվող տանտիրուհի Ե.Մ.-ն, ով բռնել է նրան եւ Գեղամ Անդրեասյանի փախուստը կանխելու ժամանակ նրա պարանոցի շրջանում ճանկռվածքների ձեւով պատճառել մարմնական վնասվածքներ:

Վերը նշված գողության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գեղամ Անդրեասյանը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` ոստիկանության աշխատակիցներին մեղադրելով իր նկատմամբ գործադրված բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Մասնավորապես` Գեղամ Անդրեասյանը հայտնել է, որ գողության փորձ կատարելու կասկածանքով իրեն ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկած ոստիկանության աշխատակիցները 2013թ. հունիսի 25-ին, իբրեւ, իրեն խոշտանգելու, ծեծի ենթարկելու եւ մարմնական, այդ թվում պարանոցի շրջանում ճանկռվածքների ձեւով վերը նշված վնասվածքները պատճառելու միջոցով իրենից կորզել են խոստովանական բացատրություն եւ ցուցմունք, ինչպես նաեւ խախտել են իր պաշտպանության եւ մյուս իրավունքները:

Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: