Հայաստանի ոստիկանությունը մգեցված ապակիներով մեքենաների  դեմ «ռեյդ» չի սկսել:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանն հերքեց լրատվամիջոցներում տարածված նմանատիպ տեղեկությունները՝ նշելով, որ նման բան գոյություն չունի:

«Երբ ձեռք կբերվի այն սարքերը, որոնցով մենք կարող ենք չափել տրանսպորտային միջոցների ապակիների մգեցվածության աստիճանը, այդ ժամանակ ոստիկանությունը պաշտոնական կայքով կտեղեկացնի ազգաբնակչությանը կատարվելիք եւ կատարվող աշխատանքների մասին: Առայժմ  նման բան գոյություն չունի»,- նշեց նա:

Արսեն Արշակյանը վարորդներին խորհուրդ է տալիս հետեւել ոստիկանության պաշտոնական կայքին եւ հավելում, որ ինչ-որ միջոցառում սկսելուց առաջ կտեղեկացնեն նախապես:

Նշենք, որ ըստ չափորոշիչի՝ մեքենաների դիմապակու մգեցվածությունը պետք է լինի 25 տոկոս, վարորդի եւ նրա կողքի նստած ուղեւորի ապակու մգեցվածությունը՝ 30 տոկոս, իսկ հետեւի ապակիների մգեցվածության վերաբերյալ  որեւէ սահմանափակում չկա: