Այսօրվա իշխանությունները ժողովրդի քվեն լիարժեք չունենալով, ի վիճակի չեն դիմակայել հայկական պետության առջեւ ծառացած մարտահրավերներին: Նման բովաբդակությամբ հայտարարություն է տարածել Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Աշխարհում գոյություն ունի քաղաքական ժողովրդավարության երկու ձեւաչափ. մեկը՝ մրցակցային, երբ երկիրը ղեկավարվում է ընտրված նախագահով, կուսակցությունների միջոցով, Ազգային ժողովի օրենքներով ու Սահմանադրությամբ, եւ երկրորդը, որ կոչվում է համագործակցային ձեւաչափ, որով երկիրը կառավարվում է այն ժամանակ, երբ խախտված է վերը նշված մրցակցային ձեւաչափը: Տարիներ շարունակ Հայաստանում կառավարման մրցակցային ձեւաչափը խախտված է:

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը, նշված քաոսային վիճակը շտկելու նպատակով, հանդիպումների շարք է սկսել ՀՀ կուսակցությունների հետ, քանզի այլեւս ՀՀ վարչակազմի ոչ մրցակցային լինելու պարագայում, խնդիրները համազգային նշանակության են:

Այս իրավիճակից ելնելու նպատակով Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը շահագրգիռ կուսակցություններին առաջարկում է քննարկել ներկա իրավիճակը՝ ՀՀ արտաքին քաղաքականություն, ՀՀ ներքին քաղաքականություն, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ, բարձրաձայնել սեփական գնահատականը, վեր հանել առաջնային խնդիրները եւ համատեղ ընտրված լուծումները դարձնել ուղենիշ-հրամայական երկրի կառավարման գործում: Հրամանատարների կողմից առաջարկված կառավարվան այս մոդելը ըստ էության չունի առաջիններ եւ վերջիններ, այն կոլեգիալ մարմին է, որ պետք է առաջնորդվի ազգային պետական շահերով»: