Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հաշվել է քվեաթերթիկների 75, 7%-ը: Ըստ այդմ, իշխող կոմունիստական կուսակցությունը առջևում է 45, 9%-ով, ինչը նշանակում է, որ այն կարող է վերածվել ընդդիմության: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով ԿԸՀ նախագահ Յուրի Չոկանին:

Նման հեռանկարը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերը կարողանան մեծ կոալիցիա ձեւավորել, որը կկազմի պատգամավորների թվի կեսից ավելին:

Նշենք, որ ըստ ԿԸՀ տրամադրած տվյալների, կոմունիստներից հետո երկրորդ տեղում Լիբերալ-ազատական կուսակցությունն է՝ իր 16,1% ձայներով, այնուհետեւ Լիբերալ կուսակցությունը` 13,2% ձայներով, ապա Դեմոկրատական կուսակցությունը` 12,9% ձայներով եւ «Մեր Մոլդովա» դաշինքը` 7,6% ձայներով: Քվեաթերթիկների հաշվարկը դեռեւս շարունակվում է:

Միաժամանակ ընտրական գործընթացների տեխնոլոգ Իգոր Բոցանը չի բացառել, որ խորհրդարանում մեծամասնություն այդպես էլ չստեղծվի: «Քվեաթերթիկների հաշվարկը ցույց է տալիս, որ իշխող կուսակցության դիրքերը զգալիորեն կնվազեն», -ասել է նա:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին կազմավորված խորհրդարանում կոմունիստներին պակասում էր ընդամենը մեկ մանդատ, որպեսզի հնարավոր լիներ ընտրել երկրի նոր նախագահ եւ կազմել կառավարություն: Եվ քանի որ կոմկուսը չկարողացավ իր կողմը գրավել թեկուզ մեկ պատգամավորի, իշխանությունը ստիպված եղավ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Արդյունքում, իշխող կոմունիստական կուսակցության ձայները նվազեցին, եւ այժմ երկրի ապագա նախագահը հնարավոր է, որ կոմունիստ չլինի: