Անկարայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հնարավորությունը շատ ցածր է մինչեւ 1915թ. դեպքերի հերթական տարելիցը՝ ապրիլի 24-ը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջեմ Թոքերը:
Նրա խոսքով, Թուրքիայի կառավարությունը, ինչպես եւ պետք էր սպասել, ուղղակիորեն կապել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հակամարտության հետ: Բացի այդ, պաշտոնական Անկարան օգտագործում է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որում բացառվում է Երեւանի կողմից Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու ցանկացած հնարավորություն: «Իմ կարծիքով, այդ երկու գործընթացներն իրար կապելը նպատակահարմար չէ: Եթե Թուրքիան կարգավորում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, նա ավելի մեծ լծակներ կունենա Երեւանի եւ Բաքվի վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ներկայումս կարելի է պնդել, որ հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են սառեցված վիճակում»,- ասել է Ջ.Թոքերը:
Թուրք լիբերալ-դեմոկրատների ղեկավարը սխալ է համարում գերտերությունների փորձերը՝ արհեստականորեն արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նրա կարծիքով, առաջնահերթ խնդիրներից է երկու ժողովուրդների կարծրատիպերը կոտրելը: «Միայն այդ կերպ, հնարավոր կլինի հասնել իրական կարգավորման։ Մեր ժողովուրդները 700 տարի ապրում են կողք կողքի, եւ հարաբերությունների ներկա մակարդակն անընդունելի է»,- ընդգծել է Թոքերը:



























