Դիմակավորված երեք անհայտ անձինք, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 04:00-ի սահմաններում, ավազակային հարձակում են գործել Մալաթիայում բնակվող Քեփեկյաններին պատկանող տան վրա: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հարձակում իրականացնողները դանակով տանտերերի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, տնից հափշտակել են 500.000 ՀՀ դրամ եւ 800 ԱՄՆ դոլար գումար ու դիմել փախուստի:
Փաստի առթիվ այսօր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով բնակարան ապօրինի մուտք գործելով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակություն) հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:





























