«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման հիմնական խնդիրները կապված են աշխատանքների ավարտման ժամկետի եւ բետոնի որակի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, նշվել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: ԱԶԲ պատվիրակությունը գլխավորել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեն։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ միջազգային աուդիտորի կողմից կատարված նախնական ուսումնասիրության արդյունքները, հիմնական խնդիրներն ու դրանց հետ կապված մտահոգությունները:

Մասնավորապես, միջազգային աուդիտոր Սեմ Գուպտան նշել է, որ որոշ մտահոգություններ կան բետոնի խառնուրդում խոնավության քանակի հետ, ինչը կրկին պետք է ուսումնասիրվի:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ դրանք գրեթե համապատասխանում են նախարարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներին:

Պրիանկա Սենեվիրանտեն տեղեկացրել է, որ ծրագրի հարավային մասի` Արտաշատ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախնական նախագծման եւ մոտ 60 կմ հատվածի մանրամասն նախագծման, ինչպես նաեւ Տրանշ 3-ի շրջանակներում ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ընտրության մեխանիզմները հավանություն են ստացել ԱԶԲ-ի կողմից:  Կառավարման խորհրդին ներկայացնելուց հետո հոկտեմբերի սկզբին կհայտարարվի միջազգային մրցույթ:

Գագիկ Բեգլարյանը նկատել է, որ ԱԶԲ-ի հետ երկար ժամանակ քննարկվող խնդիրների մեծ մասն արդեն լուծվում են: Հանդիպման ընթացքում Պրիանկա Սենեվիրանտեն խնդրել է նախարարության աջակցությունը՝ կապված հողերի օտարման գործընթացի արագացման հետ, նշեց, որ այդ խնդիրը խոչընդոտներ է  առաջացնում Երրորդ տրանշի շինարարության մեկնարկի համար:

Նախարարն ընդգծեց, որ հողերի օտարման գործընթացում կան դժվարություններ, քանի որ գործ ունեն բնակիչների հետ, սակայն վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ կանի այն արագացնելու համար:

Հանդիպման ավարտին Պրիանկա Սենեվիրանտեն տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ուսումնասիրություններ են կատարվելու բետոնի պատրաստման համար օգտագործվող հումքի քարհանքերում եւ այն գործարաններում, որտեղ պատրաստվում է բետոնը: