Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

«Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը տարեկան տեխնիկական զննություն են անցել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսինքն, մոտենում է հերթական տեխնիկական զննության ժամանակը, վարորդներին կրկին հորդորում ենք տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում վարելու իրավախախտումների նկատմամբ, եւ իրականացվելու են համապատասխան միջոցառումներ»,-ասված է ՃՈ տարածած հաղորդագրության մեջ: