«Մոսկովսկի կոմսոմոլեցը» պատմել է 20 միլիարդ եվրո կանխիկ գումարի մասին, որը 2007թ.  հասցրել էին  «Շերեմետեւո» օդանավակայան, եւ այդ օրվանից դրանք ոչ ոք չէր տարել: Փողերը բերել էին գերմանական Ֆրանկֆուրտից, իսկ բեռի տեր է նշվում Իրանի քաղաքացի ոմն  Ֆարզին Կորորիան Մոթլագը:

Գումարին կցված փաստաթղթում չի նշվում, որ  օդանավով Մոսկվա փող է տեղափոխվել, միայն ասված է, որ  «Շերեմետեւո» օդանավակայան է տեղ հասցվել 200 եվրոպալետ, սակայն բեռի տեսակը նշված չէ:  Հոդվածի հեղինակ Եվա Մերկաչեւան Facebook-ում հայտնել է, որ ավելի ուշ տրված փաստաթուղթ կա, որտեղ նշված է, որ  «յուրաքանչյուր պալլետ հարյուր միլիոն է»:

Ինչ-որ հրապարակման վկայակոչած հոդվածում ասվում է, որ  Ֆարզին Կորորիան Մոթլագը խառն է եղել ԱՄԷ-ի Կենտրոնական բանկից 14 միլիարդ դոլար առեւանգելու գործին: «ՄԿ»-ն նաեւ ենթադրել է, որ 20 միլիարդ եվրոն կարող էր պատկանել Սադամ Հուսեյնին: Հաղորդվում է նաեւ, որ  ոմն «չեկիստ» հոդվածի հեղինակին զգուշացրել է, որ այդ պատմությամբ զբաղվելը  «վտանգավոր է», հայտնում է lenta.ru-ն:

2011թ. հունվարին The National-ը գրել էր, որ ոմն Ֆարզին Ալի (Farzeen Ali) ԱՄԷ-ում հեռակա կարգով տասնամյա  ազատազրկման էր դատապարտվել` երկրի ԿԲ-ից գումար գողանալու փորձի համար, ընդ որում` խոսքը 20 միլիարդ եվրոյի մասին էր: Ըստ ոստիկանների` Ալին հետախուզման մեջ է, սակայն Ինտերպոլի  բազայոմ նա չկա: ԱՄԷ-ի իրավաբանական ծառայությունն անվանել է Ալիի լրիվ անունը.  Farzin Ali Karoryan Mutlaq:

Մինչդեռ «Շերեմետեւո» օդանավակայանը հերքել է այնտեղ 6 տարի 20 միլիարդ եվրոյով օդանավի գտնվելու մասին տեղեկությունը:  «Դա անհեթեթություն է», - «Փրայմ» գործակալությանն ասել  է օդանավակայանի ներկայացուցիչը: