Տրանսպորտային ոլորտի կարգավորման համար ամենաճիշտ որոշումը իրավական դաշտի շրջանակներում գործելու պարտավորվածությունն է: Այս մասին սեպտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Տեղեկացված եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով հասարակական տրանսպորտում երթեւեկելու սակագնի քննարկման համար ստեղծված հանձնաժողովի գործունեությանը:

Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է, որ հանձնաժողովի աշխատանքները հանրային են լինելու, սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին նիստին չեն հրավիրել: Նա կոչ է արել բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտեր ներկայացնել, որպեսզի հնարավորություն ունենան լուսաբանելու հանձնաժողովի աշխատանքը: «Բոլորս պետք է փորձեքն աշխատել մեկ ուղղությամբ, որպեսզի հանրային գնահատականը կանխի սխալ որոշումների ընդունումը»,-ընդգծել է Պիպոյանը, հավելելով, որ այդ հարցի առնչությամբ հանրային քննարկումներ պետք է կազմակերպվեն, քանի որ հայտնի չէ, թե ակտիվիստներն ինչ սկզբունքի համաձայն պետք է ընտրեին երկու ներկայացուցիչների՝ հանձնաժողովում աշխատելու: Պիպոյանը նաեւ հավելել է, որ հանձնաժողովը պետք է ձեւավորվեր նախքան ուղեվարձի թանկացումը: Այդ դեպքում դժգոհություններ չէին լինի:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված որոշումը, ըստ որի նախկին 100-ի փոխարեն վերածվել էր 150-ի, հանրային դժգոհություն էր առաջցրել: Ակտիվիստների գործունեությունը ստիպել էր, որ որոշումը կասեցվի: Քաղաքապետարանում այդ հարցի շուրջ հատուկ հանձնաժողով է ստեղծվել: