Երեւանի զարգացմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության արդյունքում, մայրաքաղաքում աստիճանաբար լուծում են ստանում երեւանցիների համար տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող բազում խնդիրներ: Բնակիչների կողմից առավել քան սպասված էր նաեւ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ու մուտքերի բարեկարգման ծրագիրը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե խնդրին համալիր լուծում տալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գույքագրվեցին վերանորոգման առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքները եւ հաստատված ծրագրի համաձայն մեկնարկեցին վերանորոգման աշխատանքները: 2012թ-ից մեկնարկած աշխատանքները լայն թափով շարունակվեցին նաեւ այս տարի:

2013թ-ի ծրագրի շրջանակում բարեկարգվել եւ իզոգամով է պատվել 68387 քմ հարթ տանիք: Ծրագրի համաձայն փոխվել են նաեւ թեք տանիքների ազբոշիֆերները եւ թիթեղները: Տարեկան ծրագրով վերանորոգվել է 48550 քմ թեք տանիք:    

Ծավալային առումով բավականին շոշափելի աշխատանքներ են կատարվել նաեւ քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող մուտքերի վերանորոգման ուղղությամբ:

Ըստ այդմ, այս տարի բարեկարգվել է շուրջ 1190 մուտք: Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից զատ վարչական շրջաններում գործընթացը դեռեւս շարունակվում է նաեւ լրացուցիչ ծրագրերով:

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ու մուտքերի բարեկարգման ծրագրերը առաջիկա տարիներին եւս լինելու են շարունակական: