Զինված ուժերը միշտ էլ  ցանկացած գյուղի կամ բնակչի անվտանգության համար կատարում են ամեն ինչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե Տավուշի մարզում՝ սահմանին մահացած հայ երիտասարդին փրկելու համար մեր զինվորները ոչինչ չեն արել:

«Երբ քաղաքացին մինչդիրքային հատվածում պայթել է, այդ պահը ֆիքսելուց հետո մինչ դիրքայինները մոտեցել են, տեսել են՝ ինչ է եղել  փորձել են օգնել: Հակառարդը, տեսնելով, որ մարդ է ընկած եւ փորձում են նրան դուրս բերել, 40-50 րոպե ինտենսիվ կրակ է բացել՝ չթողնելով մոտենալ վիրավորին: Այնուհետեւ մեր դիրքերից պատասխան կրակով ճնշվելուց հետո է հնարավորություն եղել մոտենալ եւ վիրավորին դուրս բերել: Վիրավորին դուրս են բերել նույն դիրքերի զինծառայողները, իրենք էլ տեղափոխել են հիվանդանոց, ճանապարհին արյունաքամ եղած մահացել է: Ինչպե՞ս  կարելի է  նման գնահատական տալ՝ հենվելով մեր տեղեկություններով փաստերի վրա, առավել եւս մարդկանց կողմից, ովքեր բանակին եւ բանակային գործառույթներին քիչ թե շատ ծանոթ են,սա ավելի քան տարօրինակ է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Այգեձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդիկ Դալլաքյանը վիրավորվել էր ականի վրա, իսկ հակառակորդը ժամեր շարունակ կրակելով թույլ չէր տվել, որ որեւէ մեկը մտնի դաշտ եւ հանի նրան, արդյունքում երիտասարդը արյունաքամ էր եղել եւ մահացել:  «Իմ տեղեկություններով՝  առնվազն 40 րոպե անտեր վիճակ է  եղել այնտեղ, մեր բանակը չի միջամտել նրան դուրս բերելու նպատակով։ Նրան կիսամեռ վիճակով դուրս բերողները եղել են գյուղացիք: Հերթական անգամ ապացուցվում է, որ մեր բանակը մեզ չի ծառայում: Ունենալ բանակ եւ չմիջամտել մե երիտասարդին կյանք փրկել, սա վերջն է»,- ասել էր Ժիրայր Սեֆիլյանը։