Չեչնիայի երեք բնակիչների նկատմամբ սեպտեմբերի 27-ին ազատազրկման դատավճիռ է կայացվել:

Նրանք տրավմատիկ ատրճանակներով հրաձգության էին ենթարկել բարձրագույն ատյաններում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Բարշչեւսկիի հարազատների մեքենան:

Դատավճիռը կայացրել է Մոսկվայի Պերսենի դատարանը: Չեչնիայի երեք բնակիչներ՝ Ասլան Ախվադովը, Ումար Գեբերտաեւը եւ Խամզատ Խատուեւը, որոնք հրաձգության էին ենթարկել Բարշչեւսկիի  դստեր եւ փեսայի մեքենան, երկու տարվա գաղութի են դատապարտվել:

Ամբաստանյալները խոստովանել են մեղքը, բայց հայտարարել են, որ մտադիր չէին հանցանք գործել, հայտնում է BFM.ru-ն:

 2011թ. հունիսի 6-ին, ըստ քննության վարկածի, Ասլան Ախվադովը, Ումար Գեբերտաեւը եւ Խամզատ Խատուեւը Porsche Cayenne-ով քաղաքի կենտրոն են գնացել գործարար Փարվիզ Յասինովի խնդրանքով, որը «Տատու» խմբի մեներգչուհու նախկին ամուսինն է եւ Մոսկվայի խոշոր «Մոսստրոյմեխանիզացիա-5» շինընկերության սեփականատիրոջ որդին:

Յասինովը երեք չեչենների ուղեկցությամբ մեկնել էր Բարշչեւսկիի փեսայի՝ Կիրիլ Մեշչերյակովի հետ հանդիպման, որին վախեցրել էր Յասինովի ուղեկիցների տեսքը:

 Land Rover մեքենայում կնոջ հետ գտնվող Մեշչերյակովը սեղմել էր գազի ոտնակը՝ գրեթե հարվածելով Խամզատ Խատուեւին: Դրանից հետո չեչեններն իրենց մեքենայով սկսել էին հետապնդել նրան եւ հասնելով՝ կրակ էին բացել Մեշչերյակովի  մեքենայի ուղղությամբ:

Մեշչերյակովն ու կինը չէին տուժել: Նրանք նույն օրն իսկ ոստիկանություն էին դիմել: