Թաթարստանի մայրաքաղաքն ու Երևանը շուտով կարող են դառնալ քույր-քաղաքներ։ Կազանի քաղաքապետ Իլսուր Մետշինին հասցեագրված Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նման առաջարկով նամակը հենց հարցազրույցից առաջ տեղ է հասցրել Թաթարստանի Հանրապետության հայերի Ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Միխայիլ Խաչատուրյանը։ Վերջինս Թաթարստանի հայկական համայնքի պատմության, ներկայի ու ծրագրերի մասին պատմել է NEWS.am-ի թղթակցին։
- Հայտնի է, որ հայկական համայնքներ կան ողջ աշխարհում։ Սակայն, ինչ վերաբերում է Թաթարստանին, ապա մեծամասնության, այդ թվում նաև հենց մեզ՝ հայերիս մոտ տարակուսանք է ծագում, թե Կազանում կա՞ հայկական համայնք։ Պատմեք, թե որքա՞ն վաղուց են հայերը հայտնվել Կազանում։
- Կարող եմ պնդել, որ հայերը հայտնվել են Թաթարստանի ներկայիս տարածքում դեռ այն ժամանակ, երբ Կազանը դեռ չկար։ Պատմաբանները հայտարարում են, որ հայերը սկսել են այստեղ տեղափոխվել դեռևս Խազարիայից, Վոլգայի ստորին ավազանից, որտեղ գտնվում էր նրանց խոշոր բնակավայրը։ Հայերի մի մասը Վոլգովյան Բուլղարիա էին փախել 11-րդ դարում թուրք-սելջուկների կողմից Հայաստանը զավթելուց հետո։ Ըստ երևույթին, բուլղարների մայրաքաղաք Բուլգարեում եղել է հայկական խոշոր գաղութ, որովհետև այնտեղ կառուցվել են քարե շինություններ։ Այս մասին գրում է Վոլգյան Բուլղարիայի հայտնի հետազոտող Ալեքսեյ Սմիրնովը, որը կարծում էր, թե բուլղարական ճարտարապետության ձևավորման վրա ազդեցություն է ունեցել հայկական ճարտարապետական ավանդույթը։ Գաղտնիք չէ, որ հայերը միշտ էլ լավ որմնադիրներ, ինչպես նաև քարտաշներ են եղել։
Արաբ հայտնի ճանապարհորդ և գիտնական Ահմեդ իբն Ֆադլանը, որը ճանապարհորդել է Վոլգայով 922 թվականին, գրել է, որ «բուլղար թագավորի յուրդը ծածկված էր հայկական գորգերով»։ Ընդհանրապես Վոլգյան մեծ ճանապարհը երկար ժամանակ անվանում էին «հայկական ճանապարհ», քանի որ դրանով Եվրոպա էին հասցվում հատուկ ներկանյութով՝ միջատից՝ հայկական կարմրորդից, ստացվող որդան կարմիրով ներկված հոյակապ գործվածքներ։ Վոլգյան Բուլղարիայի ու Հայաստանի մշակութային ու տնտեսական կապերը ծաղկում ապրեցին 13-14-րդ դարերում։ Այնուհետև հայերի գաղութ առաջացավ նաև Կազանում։ Մեր տվյալների համաձայն, հայկական ազատաբնակների ավանը տեղակայված էր ներկայիս Սպարտակովսկի՝ նախկին Հայկական, և Պետերբուրգսկի՝ նախկին Գեորգիևսկի, փողոցների շրջանում։
18-րդ դարի սկզբում քաղաքի կենտրոնից ոչ հեռու դեռևս պահպանվել էին հայկական տապանաքարերը։ Այնտեղ էին գտնվում նաև «Հունական պալատ» կոչվող շինության ավերակները։ Հետազոտություններից այն ժամանակ պարզվեց, որ դա հայկական եկեղեցու փլատակներ են։ Ցավոք, դրանք մինչև մեր օրեր չեն պահպանվել, իսկ բուն տեղը կորսվել է… Հայաստանի հետ հնագույն կապերը, մշակույթային հուշարձանները, երկրի տարածքում հայկական բնակավայրերի երկարատև գոյությունը կանխորոշեցին Կազանի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում հայագիտության ամբիոնի ձևավորումը։ Այն հիմնվել է 1842 թվականին։ Մինչև 1849 թվականը ամբիոնը ղեկավարում էր հայ ականավոր լուսավորիչ-գիտնական Ստեփանոս Նազարյանը։ 1845 թվականին արևելագիտության ֆակուլտետը տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ։
Հայկական ավանը գոյատևեց մինչև խորհրդային ժամանակները։ Համայնքն աստիճանաբար դադարեցրեր իր գոյությունը միգրացիոն գործընթացների և ձուլման ընդհանուր քաղաքականության հետևանքով։ Այս ժամանակաշրջանը առայժմ քիչ է հետազոտված, սակայն այսպես թե այնպես հայերի գործունեության վկայություններ Կազանում մնացել են։ Կազանի համալսարանում պահպանվել է «Արևելյան լուրեր» թերթի ողջ լրակազմը, որը հրատարակվում էր երկու լեզվով՝ հայերեն ու ռուսերեն։ Կազանի պետական համալսարանի գիտական գրադարանում կարելի է գտնել ռուս-հայկական այբբենարան և այն ձեռագիրը, որից այն տպվել է։ Այնտեղ է պահպանվում նաև 1501 թվականով թվագրված հայերեն լեզվով Ավետարանը։ Համալսարանում կա նաեւ հայկական խաչքար, որը գտնվել է Կազանում. դա 1335 տարեթվով փորագրված տապանաքար է։
Թաթարստանում հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանը սկսվել է 1994 թվականի հոկտեմբերի 7-ից։ Այդ ժամանակ Կազանում գրանցվել է «Լույս» հայկական մշակութային միությունը։ 1995 թվականի մայիսի 11-ին այն ընդգրկվել է Թաթարստանի Հանրապետության ազգային-մշակութային կազմակերպությունների ասոցիացիայում։ Հինգ տարի հետո արդեն գրանցվեց Կազանի հայերի ազգային-մշակութային ինքնավարությունը, և, վերջապես, 2001 թվականի հունիսին մենք գրանցեցինք Թաթարստանի Հանրապետության հայերի ազգային-մշակութային ինքնավարությունը։
Հայկական միություն կա Նաբերեժնիե Չելնի քաղաքում, որի նախագահը մանկաբույժ Մեսրոպ Չախոյանն է։ Այնտեղ գործում է նաև կիրակնօրյա դպրոց և երգի-պարի ազգային համույթ։ Վերջերս հայկական միություն է ստեղծվել Ալմետևսկում։
- Սակայն դրանք արդեն եկա՞ծ հայեր են։
- Այո, շատ են եկածները։ Ես ինքս, օրինակ, Երևանից եմ, սովորել եմ այստեղ, ավարտել եմ Կազանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Իսկ շատերը գալիս էին փող աշխատելու, օրինակ՝ շինարարական աշխատանքներում, և այդպես էլ մնում էին Թաթարստանում։ Գիտեք, հայերը բավական պահպանողական են. որտեղ էլ որ նրանք ապրեն, ամենուր անմիջապես ստեղծում են համայնք, և ամենուր պահպանում են ավանդույթները։ Ահա, օրինակ՝ իմ ընկերը Կազանում կառուցել է հայկական ռեստորան եւ, ի պատիվ մեր Դավիթ-Բեկ զորավարի, կոչել նրա անունով։ Այնտեղ հնչում է հայկական երաժշտություն, ինտերիերը ձևավորված է հայկական ժողովրդական ավանդական ոճով։
- Որքա՞ն հայեր են այսօր հաշվվում ինքնավարությունում։
- 2002 թվականի մարդահամարի տվյալներով, հայերի թիվը Թաթարստանում կազմում է մոտ 6 հազար, որոնցից մոտ 2,5 հազարը ապրում է Կազանում։
- Զրույցից առաջ դուք ինձ ցույց տվեցիք հայ նկարիչների կողմից ստեղծված և հետագայում տեղական տարբեր կազմակերպություններին նվիրված բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ։ Հայտնի է, որ 2005 թվականին դուք կազմակերպել էիք Կազանի 1000-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես։ Քարից ու փայտից, կերամիկայից, թաթարական ազգային զարդանկարների կիրառմամբ ասեղնագործ բոլոր ապրանքները պատրաստվել էին հայ վապետների ձեռքերով։ Սակայն, ըստ թեմատիկայի, դրանք, հիմնականում, թաթարական մոտիվներով էին։ Իսկ Թաթարստանում, ինչպես գիտեք, ապրում են ոչ միայն թաթարներ։ Դա ինչ է, յուրատեսակ միջո՞ց է ընկերանալու թաթարական իշխանության հետ, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է թաթարներից։
- Մենք ապրում ենք Թաթարստանում։ Երբ մենք ասում ենք «Թաթարստան», մենք նկատի ենք ունենում, իհարկե, ողջ ժողովրդին, որն ապրում է հանրապետությունում։ Սակայն Ռուսաստանի մյուս շրջաններից Թաթարստանի գլխավոր տարբերությունն այն է, որ այստեղ ապրում են թաթարներ։ Մենք ուզում ենք արտահայտել ազգային բաղկացուցիչը։ Հայերը այլ ազգերի հետ շփվելու մեծ փորձ ունեն, քանի որ մեր պատմության ընթացքում մենք ավելի շատ ապրել ենք օտարության մեջ, քան հայրենիքում։ Մահմեդական երկրներում, ի դեպ, կան հայկական շատ համայնքներ, որոնք այնտեղ ավելի լավ են ապրում, քան քրիստոնեական երկրներում։ Վերցնենք հենց նույն Իրանը, օրինակ…
Իրականում ես ավելի շուտ հայ աշխարհաքաղաքացի եմ։ Սակայն քանի որ հայ եմ և ավելի շատ գիտեմ հայկական մշակույթի մասին, ապա ես փորձում եմ Թաթարստանում առաջ տանել հենց այդ մշակույթը։ Ընդ որում ես տանել չեմ կարողանում ազգայնամոլներին։ Դրանք մշտապես շատ սահմանափակ մարդիկ են, բարդույթներով, որոնք չեն կարողացել ինքնադրսեւորվել։ Ասեմ ավելին, դրանք քաղաքական տականքներ են։ Դրանց մեջ կա երկու տեսակ՝ ոմանք պարզապես տականքներ են, մյուսները նրանք են, որոնք օգտագործում են առաջիններին՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Իսկ մենք խաղաղասեր մարդիկ ենք, սիրում ենք բոլոր կրոնները… Իսկ այս բոլոր ցուցահանդեսներից հետո, եթե բոլորը տեսնում են, որ մենք այստեղ ապրում ենք, աշխատում և ամեն ինչ լավ ենք անում, ապա ինչպե՞ս պետք է մեզ վերաբերվեն։
- Այստեղ ապրող հայերն իրենց զգում են որպես Հայաստանի մի մասնի՞կ, թե՞ արդեն դարձել են Թաթարստանի մի մասը։
- Կան Ռուսաստանի քաղաքացիներ, կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Ես, հանդիսանալով Ռուսաստանի քաղաքացի, ինձ համարում եմ հարյուր տոկոսանոց հայ։ Եվ այն ամենն, ինչ կապված է Հայաստանի հետ, այն ամենն, ինչ այնտեղ կատարվում է, միանշանակորեն վերաբերվում է ինձ։ Այստեղ իմ ողջ գործունեությամբ ես փորձում եմ օգնել Հայաստանին և նրա վարած քաղաքականությանը։
- Սակայն Հայաստանում հիմա նույնպես ամեն ինչ միանշանակ չէ։ Որոշները շատ գոհ չեն ներկա նախագահի գործունեությունից, կա ընդդիմություն…
- Ով էլ որ ասի, ինչ էլ որ ասի, Սարգսյանն ընտրված, օրինական նախագահ է։ Եվ մենք պետք է նրան աջակցենք։ Օրինակ՝ օգոստոսի 2-ին ես պատրաստվում եմ մեկնել Օրենբուրգ՝ Հայկական մշակութային կենտրոնի բացմանը, ուր պետք է ժամանի նաեւ Սերժ Սարգսյանը։ Մենք այնտեղ կլոր սեղան ենք կազմակերպելու մոտակա շրջանների հայկական համայնքների ղեկավարների օգնությամբ։ Ընդհանրապես Օրենբուրգի համայնքը շատ մեծ է, և նրա փորձը մեզ շատ է հետաքրքրում։ Մեր բարեկամ գործարար Սամվել Հովհաննիսյանը Օրենբուրգի նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշևի աջակցությամբ այնտեղ կառուցել է հայկական մշակութային կենտրոն։ Նահանգապետը քաղաքի կենտրոնում բազմազգ մեծ գյուղ կառուցելու հնարավորություն է տվել. այնտեղ կա թաթարական տուն, կա ուկրաինական, կա հայկական… Նա պարզապես հրավիրել է ամենահարուստ գործարարներին՝ համայնքների ներկայացուցիչներին և ասել, որ պատրաստ է հողակտորներ հատկացնել ազգային տների շինարարության համար։ Եվ այնտեղ կառուցվել է արդեն նման 15 հատ տուն։ Վերադառնալով հարցի սկզբին, ասեմ, որ ընդդիմությունը նույնպես ունի իր փաստարկները։ Բայց որքան շատ մենք աղմկենք, այնքան քիչ օգուտ կլինի հայերին։
- Իսկ ինչո՞ւմ է կայանում այդ օգուտը, ըստ ձեզ։
Մեր օգուտը միասնության մեջ է։ Այլապես կլինի այնպես, ինչպես մարտի 1-ին էր՝ արյուն, ծեծկռտուք։ Իսկ ո՞վ շահեց այդ ամենից։ Ոչ հայերը, ո՛չ։ Մեր թշնամիները։ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների ուժերի բախման կենտրոնում։ Այդ պատճառով էլ ինչ-որ մեկին հետաքրքիր է, որպեսզի հաղթի ընդդիմությունը։ Սարգսյանի քաղաքականությունը գրագետ է, ուղղված է Ռուսաստանի հետ բարեկամությանը։ Դա շատերին դուր չի գալիս։ Շատերին, առաջին հերթին նրանց, ովքեր գտնվում են Հայաստանի ու Ռուսաստանի սահմաններից անդին։ Չմտածեք, թե դրանք մեր հարևան Թուրքիան կամ Իրանն են։ Իրանի հետ ընդհանրապես շատ լավ հարաբերություններ են։ Երևանի կենտրոնում կանգնած է պարսկական մեծ մզկիթը։ Այնտեղ երեխաները սովորելու նպատակով ընդունվում են մեդրեսե։ Շուշիում՝ Ղարաբաղում, նույնպես վերականգնում են մզկիթներ։ Եվ դա շատ լավ է։ Իսկ ինչո՞ւ է հայերի մոտ թշնամություն առաջացել մահմեդականների նկատմամբ։ Որովհետև, նրանք, որոնք 1894 թվականից սկսած մորթում էին հայերին, հայտարարում էին, թե դա անում են ի շահ իսլամի։ Սակայն հետո մենք տեսանք, որ մահմեդական արաբական աշխարհում հայերն ունեն բարեկամներ, որոնք պատրաստ են մեզ օգնել ցեղասպանվելուց։ Ի դեպ, իրենց ինքնությունը արաբական երկրներում հայերը նույնիսկ ավելի լավ են պահպանել, այնտեղ ավելի ուժեղ է համախմբվածությունը, իսկ ձուլում օտար մշակութային միջավայրում գրեթե տեղի չի ունենում։ Այդ տեսանկյունից Ռուսաստանը մեզ արագ է «սրբում տանում»։
- Ձուլումը հայերի համար լա՞վ է, թե՞ վատ։
- Ես մշակութային բազմազանության կողմնակից եմ։ Սակայն մենք միևնույն է ձուլվում ենք։ Մեր սերունդը դեռևս պահպանում է ավանդույթներն ու ինքնությունը։ Սակայն մեր երեխաները… Երբ ես լսում եմ, թե ինչպես են նրանք շփվում, ես մի քիչ տխրում եմ. նրանք գործածում են շատ օտար բառեր։ Քանի որ ֆիլմեր են դիտում, մշտապես ինտերնետի մեջ են։ Գլոբալիզացիան… նրանց ձգում է դեպի Եվրոպա։ Բոլոր այդ նոր Հելլոինի ու սբ. Վալենտինի տեսակի տոները… Մեզ դա մոտ չէ, իսկ նրանց հետաքրքիր է։ Սակայն մենք չենք կարող նրանց ետ պահել։ Դա անօգուտ է։ Պետք է ինքներս փոխվենք, որպեսզի՝ նրանց հետ առաջ գնալով, սովորեցնենք պահպանել մերը, հայկականը։ Ռուսաստանն այդ առումով բազմաթիվ հնարավորություններ է տալիս՝ տարածքը մեծ է, և ամեն տեղ յուրովի են ապրում։
- Ինչպե՞ս է հաջողվում պահպանել ինքնությունը Թաթարստանում։
- Թաթարստանի Հանրապետության ղեկավարության նախաձեռնությամբ հայկական ազգային-մշակութային միություն ստեղծելը բավական գրագետ քայլ էր։ Մեզ այն ժամանակ պաշտոնական տեղ տվեցին։ ԹՀ ժողովուրդների բարեկամության տան բացումը, որտեղ յուրաքանչյուր համայնքի հատկացրեցին տարածք, սկսեցին ֆինանսավորել որոշ միջոցառումներ, քաղաքական լուրջ ժեստ էր։ Մեզ հետ կիսվեցին, ասացին. «Զարգացրեք ձեր մշակույթը»։
- Միայն մշակո՞ւյթը։ Իսկ դուք ունեք հայ ներկայացուցիչ Թաթարստանի պետխորհրդում։
- Ոչ։ Սակայն մենք ունենք խորհրդարանի խոսնակ Ֆարիդ Մուխամետշին, որը միաժամանակ Թաթարստանի ժողովուրդների ասամբլեայի նախագահն է։ Եռամսյակը մեկ մենք հավաքվում ենք, քննարկում հասունացած խնդիրները։ Եվ ահա հենց նա է մեր գլխավոր լոբբիստը Պետխորհրդում։ Հնարավոր է, եթե այսպես հանգիստ կշռադատենք, հենց լավն էլ դա՞ է։ Ինչի՞ համար մենք խցկվենք տեղի քաղաքական խոհանոցը։ Եթե հասարակությունը հասնի խորհրդարանում ազգային քվոտավորման գաղափարին, ապա կարելի է փորձել։ Սկզբունքորեն, այժմ բոլոր հարցերը կարելի է լուծել և առանց խորհրդարանի՝ ամենուր բարեկամներ են։ Կազանն ու Երևանը, շուտով, հուսով եմ, կդառնան քույր-քաղաքներ. այ հենց հիմա տեղ հասցրեցի Երևանի քաղաքապետի Կազանի քաղաքապետ Իլսուր Մետշինին հասցեագրված նամակը։ Բարեկամություն են անում Կազանի Վահիտովի շրջանի և Երևանի Նոր-Նորք համայնքի թաղապետարանները, որոնք համագործակցության վերաբերյալ հանաձայնագիր են կնքել։ Կապ է հաստատվել Կազանի ու Երևանի համալսարանների միջև. հոկտեմբերին Կազանից հյուրեր կժամանեն Երևանի բուհի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ։
- Բնակչության վերջին մարդահամարից հետո անցած ժամանակահատվածում Թաթարստանի տարածքում մշտապես բնակվող թուրքերի թվաքանակը ավելացել է 32 անգամ։ Դա ձեզ չի՞ վախեցնում։
- Իսկ ինչո՞ւ պետք է դա մեզ վախեցնի։ 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանությունը չի կրկնվի։ Պարզապես Թուրքիային այժմ հարկավոր է ճանաչել պատմական այդ փաստը, այդ ողբերգությունը։ Չէ որ հենց նրանց համար ավելի հեշտ կլինի շփվել ողջ աշխարհի հետ։ Իսկ այսպես՝ ոչ մի թշնամանք նրանց նկատմամբ մենք չենք տածում։ Թաթարստանում կամ Հայաստանում։ Դա մեր հարևաններն են, և մենք պարզապես դատապարտված ենք միասին ապրելու։ Բարեկամաբար ապրելն ավելի լավ է։
- Ի՞նչ ծրագրեր ունեք։
- Մենք կցանկանայինք այսուհետ ևս ամրապնդել Երևանի ու Կազանի կապերը։ Ավելի մերձեցնել այդ քաղաքները։ Բացի այն նախաձեռնությունից, որի մասին ես պատմեցի, մեր ջանքերով է բացվել Կազան-Երևան-Կազան ավիաչվերթը։ Այս հարցում մեծ ջանքեր է գործադրել ավիաընկերության ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը… Ինչ վերաբերում է հայկական ավանդույթներին, ապա 1995 թվականի սեպտեմբերից «Բազմազգ կիրակնօրյա դպրոց» ուսումնական կենտրոնում բացվել է հայկական բաժին, որտեղ երեխաներն ու մեծահասակները սովորում են մայրենի լեզուն, գրականությունը, պատմությունը, աշխարհագրությունը, ազգային սովորույթները։ Ներկայումս մտածում ենք Կազանում հայկական եկեղեցի կառուցելու մասին, որն այստեղ եղել է դեռևս անհիշելի ժամանակներից։ Իսկ ընդհանուր առմամբ կապրենք ու կաշխատենք, ինչպես նախկինում։ Մեզ այստեղ դուր է գալիս։



























