Թուրքիայի «Արդյունաբերողների եւ գործարարների միությունը» մարտի 4-ին ԱՄՆ-ում Հայկական թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո հայտարարեց, որ անժամկետ հետաձգում է արդեն պլանավորած այցը այդ երկիր։

Սակայն թուրքական Referans թերթի փոխանցմամբ՝ թուրք գործարարների միությունը հրաժարվել է այդ մտքից, քանի որ այցի հետաձգումը Թուրքիային վնաս կհասցնի։

Թուրքիայի «Արդյունաբերողների եւ գործարարների միությունը» ԱՄՆ կայցելի ապրիլի 19-20-ը։ Հիշյալ կազմակերպության ղեկավար խորհրդի անդամներից մեկը Referans-ին հայտնել է, որ թուրքական կառավարության նեղացկոտ քաղաքականությունը գործին օգուտ չի տալիս եւ այն ժամանակավոր դիրքորոշում է։

Նշենք, որ հիշյալ կազմակերպության պահվածքը խիստ քննադատության էր ենթարկել թուրքական հայտնի Star-ի թղթակից Էրգուն Բաբահանը՝ ասելով. «Տեսեք, նույնիսկ Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միությունն (TÜSİAD) է ազգայնամետ դարձել (Հիշյալ կազմակերպությունը չեղյալ հայտարարեց ԱՄՆ կատարելիք այցը):

Այո’, պաշտպանեք զարգացած եւ ամենաանկախ քաղաքականությունը եւ ներկայացրեք շովինիստական քաղաքականություն։ Նշանակում է, որ դուք էլ գաղտնի իթթիհադական եք, կամ էլ ձեր կապիտալի ստեղծման հիմքում իթթիհադականների բաժինը մեծ է։ Եթե իթթիհադականները ազգային փոքրամասնություններին չճնշեին, չկոտորեին, ձեր պապերը չէին կարող նստել նրանց ունեցվածքի վրա եւ կապիտալ կուտակել»,-նշել է թուրք վերլուծաբանը։