Հայաստանի ոստիկանությունը պարզել է, թե ով է գլխավոր դատախազության շենքի մոտ ծեծի ենթարկել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
Պարզվել է, որ լրագրողին ծեծի ենթարկողը ոստիկանության աշխատակից է: Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Շամշյանին փետրվարի 24-ին ծեծի ենթարկած անձը ոստիկանության քննիչ է եւ «նշանակման պահից գործուղման է եղել Հատուկ քննչականում՝ որպես խմբի անդամ»:
Ի դեպ, փաստը հաստատել են նաեւ ոստիկանության լրատվական վարչությունում՝ հայտնելով, որ տվյալ անձնավորության անունը Գագիկ է, իսկ ազգանունը, անմեղության կանխավարկածից ելնելով, չի հրապարակվում: Նրան մեղադրանք դեռ չի առաջադրվել: Մինչդեռ Գագիկ Շամշյանի պնդմամբ՝ իրեն ծեծի ենթարկողը Գագիկ Մարգարյանն է, որը աշխատում է ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում՝ որպես քննիչ":
Հիշեցնենք, որ դատախազության կոլեգիայի նիստից առաջ լրագրողը փորձել էր լուսանկարել շենք մուտք գործող դատախազներին, երբ 30-ամյա մի երիտասարդ հարձակվել էր նրա վրա եւ հարվածներ հասցրել լրագրողին: Շամշյանին մի քանի ժամ անց տեղափոխել էին հիվանդանոց:
Դեպքի առթիվ քր.գործ է հարուցվել ծեծի եւ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով: Առաջինի դեպքում որպես պատիժ նախատեսվում է առավելագույնը երկամսյա կալանք, երկրորդով՝ 100 հազար դրամ տուգանք:


























