Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունը նախօրեին տարածած իր հայտարարությամբ պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ:

Հիշեցնենք, որ երեկ NEWS.am-ը հաղորդել էր, որ ԱՄՆ իրավապահները ձերբակալել են 5 հայերի, որոնք մեղադրվում են փաստաթղթեր կեղծելու եւ դրանք վաճառելու մեջ: Նրանցից մեկը 1999-2003 թվականներին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Նորայր Ղալումյանն է: Նշենք նաեւ, որ ամերիկյան իրավապահների հաղորդմամբ, այդ խումբը կապեր է ունեցել ՀՀ իշխանությունների հետ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հյուպատոսությունն ի գիտություն է ընդունել ԱՄՆ դատախազության Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի գրասենյակի հայտարարությունը, որտեղ նշվում է անօրինական գործունեություն կատարելու մեղադրանքով Լոս-Անջելեսում բնակվող հայազգի 5 անձանց ձերբակալման մասին:

Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ` շահագրգռված լինելով հարուցված քրեական գործի հանգամանքների շուտափույթ բացահայտման մեջ: Հյուպատոսությունը ակնկալում է առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ ամերիկյան կողմից գործում առկա փաստերի` մասնավորապես մեղադրվող անձանց կողմից հյուպատոսության պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության մեղադրվող նախկին երկու աշխատակիցներին, ապա Նորայր Ղալումյանը 2002 թվականից չի աշխատում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, իսկ 2003 թ. ազատվել է ԱԳՆ համակարգում աշխատանքից եւ մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:

ԱՄՆ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը հյուպատոսության տեխնիկական անձնակազմի անդամ է եղել եւ ազատվել է աշխատանքից 2007 թվականին»: