Թուրքիան սպասում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն կխնդրի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունման համար։ Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ Օբաման նախքան ԱՄՆ նախագահ դառնալը, ճանաչում էր Հայոց ցեղասպանության փաստը, սակայն ընտրվելուց հետո հրաժարվեց արտաբերել այդ բառը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա նախօրեին հղվող ամենամյա ուղերձում։

Հոդվածում նշվում է, որ Օբաման այդ քայլը հիմնավորեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին չխանգարելու ցանկությամբ, «սակայն Թուրքիան այդպես էլ չվավերացրեց հայ-թուրքական արձանագրությունները՝ պատճառաբանելով ղարաբաղյան խնդրի լուծված չլինելը»,- գրված է հոդվածում։

Պարբերականը հետաքրքիր եզրակացություն է կատարում եւ ընդգծում, որ հայկական լոբբիին ձեռք է տալիս այն, որ Թուրքիան չի վավերացնում արձանագրությունները։ Դա հնարավորություն տվեց հայերին հասնել նրան, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվեց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։ Today’s Zaman-ը նշում է նաեւ, որ բանաձեւի ընդունումը բացասական ազդեցություն ունեցավ թուրք-ամերիկյան հարաբերությունների՝ հատկապես Աֆղանստանում եւ Իրաքում երկու երկրների համագործակցության վրա։ Թուրքիան նաեւ զրկվում է ԱՄՆ-ի աջակցությունից՝ Քրդական բանվորական կուսակցության հարցը լուծելիս։

Այնուամենայնիվ, պարբերականը փորձում է հանգստացնել թուրք ժողովրդին՝ հիշեցնելով Կոնգրեսի բանաձեւի ընդունումից հետո Օբամայի Աբդուլլահ Գյուլին ուղղված նամակի մասին։ Նամակում Օբաման զղջում է, որ հանձնաժողովը նման որոշում է ընդունել։ Սրանից էլ պարբերականը հետեւություն է անում, որ Սպիտակ տան վարչակազմը աջակցում է ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի քաղաքականությունը։ Հոդվածի հեղինակի կարծիքով, այդ նամակը երաշխիքն է այն բանի, որ Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում չի օգտագործի Ցեղասպանություն եզրույթը։ Պարբերականը նաեւ ընդգծում է, որ Օբամայի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումը ավելի մեծ հարված կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին, քան Կոնգրեսում համապատասխան բանաձեւերի ընդունումը։

«Օբաման դժվար ընտրություն պետք է կատարի։ Մի կողմից նա չի կարող կորցնել ՆԱՏՕ-ի իր դաշնակցին, մյուս կողմից էլ չի կարող կորցնել հայկական լոբբի ձայները նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններում»,- եզրափակում է Today’s Zaman-ը՝ ընդգծելով, որ հայկական լոբբիի ազդեցությունը չեզոքացնելու համար Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները։