NEWS.am-ին տված հարցազրույցում ադրբեջանցի գրող Սեյմուր Բայջան, որը Հայաստանում հայտնի է «Գուգարք» վեպով, պատմում է գրքի ստեղծման պատմության մասին՝ հիմնված իր հիշողությունների վրա (ծնունդով նա Ֆիզուլիից է), ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է ինքը վերաբերում Լեռնային Ղարաբաղի մասին «ճիշտ» եւ «սխալ» գրքերին.
Հարցազրույցն անցկացվել էր Թեքալի գյուղում (Վրաստան)՝ «Թեքալիի գործընթաց. Հարավային Կովկասի անվտանգության հարցեր» հանրային քննարկման ժամանակ:
Ղարաբաղի մասին գրող գրողներին դասում են հրապարակախոսների շարքին, իսկ նրանց գրքերը գնահատում են «ճիշտ է-սխալ է» չափանիշով: Ի՞նչ կարող է տալ կարծիքների փոխանակումը, եթե խոսքը գեղարվեստական գրականության մասին է, այլ ոչ թե թերթ հոդվածի:
Խնդիրն այն է, որ մեր գրականության դասագրքերը ողբալի վիճակում են: Դրանք գրեթե խորհրդային են, կամ անգամ ավելի վատ վիճակում են: Այդ պատճառով երեխաների ճաշակը փչանում է արդեն իսկ դպրոցից: Կարելի է ասել, որ մեր դպրոցներում երեխաներին սովորեցնում են ատել գրականությունը, նրանք միանգամից մի միտք են ունենում՝ դա գրականություն չէ: Նրանք սպասում են պսեվդոլիրիկական, պսեվդոինտելեկտուալ բաներ, իսկ ես դա չեմ սիրում ՝ մի փոքր ծանոթ լինելով գրականությանը: Ես բախվել եմ նման քննադատության. «Դա գրականություն չէ, այդտեղ շատ բաներ կան, որոնք մեզ չեն վերաբերում, մեզ համար հետաքրքիր չէ դա կարդալ»: Մյուսներն ասում են, որ ինձ մոտ հրապարակախոսությունն ավելի լավ է ստացվում, քան գրելը: Ոմանք էլ ասում են, որ գիրքը հեշտ է ընթերցվում: Իսկ Անդրե Մորուան շատ լավ բառեր ունի. «Եթե գիրքը հեշտությամբ է ընթերցվում, դա չի նշանակում, որ գիրքը հեշտությամբ է գրվել»:
Իսկ ինչ վերաբերում է գրքի թեմային, կարող եմ ասել, որ մեր հանրապետությունում Ղարաբաղի մասին բազմաթիվ գրքեր են գրվել: Հիմնական սյուժեները երկուսն են: Առասպելական ադրբեջանցի զինվորը հերոսական արարքներ է գործում՝ կամ մեր օրերում, կամ անցյալում: Մյուսը՝ հայերը ինչ-որ գյուղ են գրավել, սպանել են բնակիչներին, եւ միայն մի քանիսն են կարողացել փախչել: Նրանք սկսում են փնովել հայերին՝ նրանք ոչինչ չունեն, կորցրել են մարդկային դեմքը: Նրանք գողացել են այլոց մշակույթը, երգերը, խոհանոցը: Կարծում եմ, որ հակառակորդի հանդեպ նման վերաբերմունք ունեք նաեւ դուք Հայաստանում: Իսկ ես ծնվել եմ այնտեղ, որտեղ ամեն ինչ տեղի է ունեցել եւ ամեն ինչ սեփական աչքերով եմ տեսել: Ես ուզում էի գրել այն մասին, ինչ սեփական աչքերով եմ տեսել եւ, կարծում եմ, դա ինձ հաջողվել է:
Արդյոք չափազանց գաղափարախոսական չե՞ն նման գրքերի մասին վեճերը:
Իմ անունից կարող եմ ասել, որ երկար եմ պատրաստվել այս գրքին՝ մոտ 3 տարի: Ես պատրեազմի մասին բազմաթիվ գրքեր եմ կարդացել ու վերակարդացել՝ «Պատերազմ եւ խաղաղությունից» մինչեւ «Ողջ եւ մեռածներ»: Ռուսական, խորհրդային, արտերկրյա: Բազմաթիվ ռազմական ֆիլմեր եմ դիտել, որպեսզի թեման ընկալեմ: Իսկ երբ նստեցի եւ սկսեցի գրել, ինձ համար շատ ծանր էր, քանի որ սկսեցի հիշել եւ տեսա, որ շատ վատ բաներ են պատահել: Ես բջջային մակարդակում զգացի անցյալը, աչքիս առաջ տեղի ունեցածը,ավերածությունները, որոնք պատերազմի արդյունք էին:
Պատերազմի մասին գրքերը միանգամից չեն գրվում: Այն երկար տարիների ընթացքում է գրվում: Պետք է թեմային սառը գլխով մոտենալ: Եթե այս գիրքը գրեի 10 տարի առաջ, ապա երեւի կկորցնեի իրականության զգացումը, օբյեկտիվությունը: Բայց չէ՞ որ դա ես եմ տեսել, ես պատերազմի մասին գրում եմ երեխայի, դեռահասի աչքերով: Սակայն, պարզ է, որ մարդիկ կցանկանային այլ վեպ կարդալ: Քննադատներից մեկն անգամ գրել է, որ «Գուգարքը» գաղափարական առումով վնասակար գիրք է: Այդ ինչպե՞ս, եթե մենք չենք ապրում գաղափարական պետությունում: Եթե ապրեի Խորհրդային միությունում, Իրանում, նման բան կարելի էր ասել: Սակայն ես գաղափարական պետությունում չեմ ապրում, իսկ իմ դեմ նման մեղադրանք են առաջադրում: Մեզ մոտ մտածում են, որ կամ մարդուն կարելի է Սիբիր աքսորել, գնդակահարել կամ բանտ նստեցնել, կամ էլ պարզապես այլ գիրք կցանկանային կարդալ, որտեղ ադրբեջանցիները ամեն հարցում ճիշտ են, իսկ հայերը՝ մեղավոր: Կարծում եմ, որ Հայաստանում եւս նման կարծիքներ կլինեն: Գիրքը սխալ կհամարեն: Իսկ դա նշանակում է, որ ես ճիշտ ուղու վրա եմ:
Կողմերի ինչի՞ն են պետք «սխալ» գրքեր:
Հայերը կարդացել են Այլիսլիի «Քարե երազներ» վեպը: Եթե Աքրամը գրեր այլ վեպ, նրանք այդ գիրքը նույն ոգեշնչմամբ չէին կարդա, չէին թարգմանի: Նշանակում է՝ դա այն գիրքն է, որը հայերը ցանկանում են կարդալ: Իսկ ինչո՞ւ էին այն փնովում Ադրբեջանում: Քանի որ դա այն գիրքն է, որը նրանք ընդհանրապես չին ցանկանում կարդալ: Այս դեպքում երկու կողմերն էլ սխալ ուղու վրա են:
Մարդկանց պետք է դաստիարակել: Չեմ ասում, ար այդ կերպ կարելի է խնդիրը լուծել: Սակայն գոնե կարելի է երեխաներ դաստիարակել, որոնք մտածում են պատերազմի մասին: Երբ գեեւրմանացի ինտելեկտուալները եւ գրողները դեմ էին ֆաշիզմին, դա շատ օգնեց գերմանացիներին արդարանալ իրենք իրենց առաջ. «Բոլորս չէ, ար այդպիսին էինք: Ոմանք ասում էին, որ այդպես չի կարելի»: Եվ այդ «ոմանք», հնարավոր է, անգամ մեկ մարդ, փրկում է ազգը: Լենինը ասում էր Գերցենի մասին, որ նա փրկել է ռուս ժողովրդին: Երբ Ռուսական կայսրությունում լեհերի ջարդ էր, բոլոր ռուս ինտելիգենտները լռում էին: Անգամ այն գրողները, որոնց մենք շատ սիրում եւ կարդում ենք: Ոմանք անգամ ողջունել են տեղի ունեցողը: Միայն Գերցենն է դեմ հանդես եկել: Եվ Լենինի խոսքով՝ փրկել է ռուսական ժողովրդավարության պատիվը: Ոչինչ որ մենք քիչ ուժ ունենք, սակայն նման դիրքորոշումը փրկում է հենց ինձ, ես դա ուզում եմ: Սակայն եթե ես ուրիշին էլ փրկեմ, ապա դա կլինի իմ նվաճումն ու հաղթանակը:
Զրուցեց՝ Արամ Գարեգինյանը
Ֆոտո՝ Էդիտա Բադասյան, «Կովկասյան հանգույց»





























