Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Տիգրան Սարգսյանը նախ եղել է Իսակիեւյան տաճարում` ծանոթացել է վերջինիս պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ չորս հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցված տաճարը, որն ունի նաեւ թանգարանի կարգավիճակ, հիմնվել է 1818-1858 թվականներին: Այն համարվում է Ռուսաստանի ամենահայտնի տաճարներից մեկը, որտեղ պահվում են 19-րդ դարի ռուսական մոնումենտալ գեղանկարչության լավագույն հավաքածուները:

Այնուհետեւ վարչապետն այցելել է Էրմիտաժ` շրջել Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցասրահներով: Այստեղ ներկայացված էին ուրարտական թագավորության դարաշրջանից եկող տարբեր ցուցանմուշներ, Անիից բերված խաչքարեր եւ Կարմիր բլուրում պեղումների արդյունքում հայտնաբերված հայկական գտածոներ:

Վարչապետ Սարգսյանի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանում բացվել է նաեւ հայտնի ռուս ազգագրագետ Միլլերի լուսանկարչական հավաքածուի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին 20-րդ դարասկզբում Արեւմտյան Հայաստանի, մասնավորապես, Վանի հայ ժողովրդի կյանքն ու ապրելակերպը: Միլլերի լուսանկարչական հավաքածուն` բաղկացած շուրջ 60 լուսանկարներից, դուրս է բերվել Արեւմտյան Հայաստանից 1915 թվականի գարնանը: Նախատեսվում է առաջիկայում Միլլերի հարուստ հավաքածուն մեկտեղել մեկ ալբոմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ ցուցահանդեսը հաջորդ տարի կներկայացվի Հայաստանում:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը ծանոթացել է նաեւ նույն թանգարանում բացված Անդրկովկասի ժողովուրդների ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին: Այստեղ առկա էր նաեւ հայկական հավաքածուն` տարազներ, քարտեզներ, հնագիտական առարկաներ, որոնք ներկայացնում են հայաստանյան կենցաղը, Արեւմտայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Շուշիի տարածքում հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը:

Տիգրան Սարգսյանն այցելել է նաեւ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի:

Հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Կոնստանտինովյան պալատում կկայանա հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 15-րդ նիստը: