Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը շարունակել է հանդիպումները Սիրիայի ղեկավարության հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, նա հանդիպել է նաեւ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրիի հետ: Քննարկվել են հայ-սիրիական տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են տնտեսության ոլորտում հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը եւ այդ գործում կարեւորել գործարար շրջանակների շփումների ակտիվացումը համաժողովների, ցուցահանդեսների եւ նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպման միջոցով: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Սիրիայի հայկական ստվար համայնքը կարող է կամրջի դեր կատարել նաեւ տնտեսական կապերի ակտիվացման գործում:
Սերժ Սարգսյանն այցելել է Դամասկոսի Օմայան մզկիթ, որն ի սկզբանե կառուցվել է որպես քրիստոնեական տաճար, ապա նոր միայն վերածվել մզկիթի, ինչի շնորհիվ էլ Սիրիայում այն համարվում է կրոնական հանդուրժողականության խորհրդանիշ: Նա այցելել է նաեւ Դամասկոսի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը նրանց հետ խոսել է հայ-սիրիական հարաբերությունների ապագայի մասին` վստահություն հայտնելով, որ այն լինելու է անխախտ եւ փայլուն` անկախ որեւէ վերադասավորումից, տարածաշրջանային ուժերի ազդեցություններից կամ այլ հանգամանքներից:
ՀՀ Նախագահը հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների, այդ ճանապարհին հաղթահարելիք դժվարությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիների մասին: «Հայաստանը բոլորիս հայրենիքն է, եւ հայկական խնդիրները բոլորիս խնդիրներն են: Եւ սա է պատճառը, որ ամենաբարդ խնդիրների շուրջ հարմար եմ գտնում խորհրդակցել նաեւ մեր քույրերի եւ եղբայրների հետ, ովքեր ապրում են Հայաստանից դուրս»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 23-ի երեկոյան Դամասկոսից մեկնել է Հալեպ:



















