Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է միջազգային գիտագործնական խորհրդաժողովի մասնակիցների խմբին։ Այցի նպատակը Շուշիի ջարդերի 90 եւ Բաքվի ջարդերի 20-ամյակներին նվիրված խորհրդաժողովի անցկացումն է։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, երկրի ղեկավարն ընդգծել է Արցախում նմանօրինակ խորհրդաժողովների անցկացման կարեւորությունը՝ նշելով, որ Շուշիի եւ Բաքվի ջարդերը Ղարաբաղի ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են։
Բակո Սահակյանն ընդգծել է, որ նմանօրինակ զարգացումները կանխելու համար պետք է դրանք ուսումնասիրել եւ քննարկել պատմական, քաղաքական մշակութային եւ այլ հարթություններում։
Նախագահը նշել է, որ աշխատանքները չպետք է սահմանափակվեն նմանօրինակ մեկ միջոցառմամբ, եւ որ ինքը սպասում է սկսված գործընթացի շարունակության։
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը։



























