2017-ից Հայաստանի բնակչության բնական աճը կարող է դադարել: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ այդ եզրակացությունը հիմնված է ծնելիության եւ արտագաղթի ներկայիս տեմպերի վրա:
Ինչպես իր հերթին ընդգծել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների խնդիրների վարչության պետ Անահիտ Գեւորգյանը, Հայաստանը արագ ծերացող երկրների ցանկում է: Արդեն հիմա հանրապետության բնակչության 14,4%-ը 60 տարեկանից բարձր է: Դա պայմանավորված է ինչպես ծնելիության մակարդակի նվազեցմամբ, այնպես էլ արտագաղթի տեմպերով: Բացի այդ, դա կապված է աշխարհում կյանքի միջին տեւողության ավելացման հետ: ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի տվյալներով՝ արդեն 2030-ին բնակչության 31,5% կարող է կազմել 60 տարեկանից ծեր մարդիկ:
Փորձագետները հայտարարել են, որ կամ պետք է ավելացնել ծնելիության մակարդակը, կամ ավելացնել բնակչության աշխատանքով ապահովվածության մակարդակը:





























