Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկները անվավեր են ճանաչվել, այլապես Կոստանյանին դեմ առնվազն 5 ձայն կլիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նա նշեց, որ «ժառանգություն» խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են Ռուբեն Հակոբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ ՀԱԿ-ից քվեարկությանը մասնակցել են Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Թեւան Պողոսյանը չի մասնակցել քվեարկությանը, քանի որ հանդիպման էր: Իսկ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Լեւոն Զուրաբյանը գտնվում են Ստրասբուրգում եւ մասնակցում են ԵԽԽՎ նստաշրջանին:
Թեւան Պողոսյանը պատմեց, որ մտնելով դահլիճ, տեսել է, որ պատգամավորները քննարկում են, թե ինչպես քվեաթերթիկներն անվավեր են դարձել: Խնդիրն այն է, որ նրանք ցանկացել են դեմ քվեարկել եւ այդպես նմուշի վրա նշելով «դեմի» կողքը կամ ջնջելով դեմը՝ ստացվել է, որ իրենք կողմ են քվեարկել Կոստանյանի թեկնածությանը: Պատգամավորը նշեց, որ նման թյուրիմացություն նաեւ նախորդ անգամ է եղել, երբ դեմ լինելով եւ դա նշելով, ստացվել է, որ կողմ ես քվեարկել, մինչդեռ պետք է հենց «կողմը» ջնջել:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք ամբողջ խմբակցությամբ դեմ են քվեարկել, Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկը անվավեր է դարձել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւս ասել է, որ դեմ է քվեարկել:
«Ժառանգությունից» Ալեքսանդր Արզումանյանը ասել է, որ ինքը շվարած է, քանի որ երկու խմբակցությունից ութ պատգամավոր հայտարարում է, որ «դեմ» է քվեարկել, բայց կա ընդամենը երեք «դեմ»: Նա պնդում է, որ դեմ է քվեարկել Կոստանյանին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եւս նշեց, որ դեմ է քվեարկել՝ հավելելով, որ որպես կարգապահ պատգամավոր ենթարկվել է խմբակցության որոշմանը եւ դեմ քվեարկել:
Իսկ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ երկու անվավեր քվեաթերթիկ է եղել, որոնք հստակ անվավեր են եղել, այսինքն՝ ջնջել էին թե կողմ, թե դեմ բառերը: «Երկուսն էլ ջնջել են, անվավեր է: Եթե դու դեմ ես, պետք է կողմ բառը ջնջես, եթե կողմ ես, պետք է դեմ բառը ջնջես, կարգը սա է, իրենք երկուսն էլ ջնջել են, ի՞նչ են ուզում, եթե հարց ունեն, թող գան ինձ հարցնեն, կարգը ես բացատրել եմ ամբիոնից, ես մեղավո՞ր եմ, որ իրենք միանգամից չեն հասկանում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային Ժողովում փակ, գաղտնի քվեարկության արդյունքում զինդատախազ Գեւորգ Կոստանյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում:
Կոստանյանի թեկնածության օգտին քվեարկել են 103 պատգամավորներ, դեմ՝ 3-ը, անվավեր են ճանաչվել երեք քվեաթերթիկներ, քվեարկությանը չի մասնակցել 25 պատգամավոր:
Ուշագրավ է, որ մինչ քվեարկությունը «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էին, թե դեմ են քվեարկելու, ՀՅԴ-ն ազատ էր թողել իր պատգամավորներին, ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը» նշել էին, որ կողմ են քվեարկելու, եւ միայն «Բարգավաճ Հայաստանը» չէր հայտնել իր դիրքորոշումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























