Հայաստանի նախագահն իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում, երկրի 22-ամյակի առթիվ խորհրդարանին առաջարկել է համաներում հայտարարել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքակիրթ պետությունում համաներումը կրում է հումանիտար, սոցիալական, իրավական եւ իրավաբանական բնույթ, այն նպաստում է երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդմանն ու բարելավմանը: «Ես բարձր եմ գնահատում Հայաստանի նախագահի առաջարկությունը: Շատերը մեր երկրում անհամբերությամբ են սպասել համաներմանը: Մենք ողջունում ենք այդ քայլը, որով պետությունը մարդասիրություն է ցուցաբերում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց կյանքի ընթացքում սայթաքել են»,-ասել է նա:
Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ պատգամավորները համաձայն կլինեն, որ այդ մարդկանց պետք է երկրի կյանքում ինտեգրվելու շանս տալ: «Համաներումը ելնում է մեր քրիստոնեական հավատից եւ արժեքային համակարգից:
«Շատ երկրներում համաներումը համարվում է քաղաքական քայլ՝ ուղղված բազմաթիվ խնդիրների լուծմանը եւ հասարակության ներսում լարվածության թուլացմանը: Մեր երկրում համաներումն ուղղված է բոլոր այդ խնդիրների լուծմանը, սակայն դրանցում ամենագլխավորը քաղաքացիական համերաշխւթյան ամրապնդումն է»,-կարծիք հայտեց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ խոսքը անկախ Հայաստանի պատմության մեջ թվով արդեն 10-րդ համաներման մասին է: Նա նաեւ կոչ արեց քաղաքացիներին, որոնք պետք է ազատ արձակվեն, այսուհետ լինել օրինապաշտ եւ արդարացնել պետության վստահությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























