Էրդողանի այն հայտարարությանը, որ 100 հազար անօրինական հայերին հարկ եղած դեպքում կվտարեն երկրից, կտրուկ արձագանքել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը, ում թուրք ազգայնականները համարում են թուրքական խորհրդարանում հայերի պաշտպան:

Թուրքական Haberaktuel-ի փոխանցմամբ` Սելահաթին Դեմիրթաշը իր կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում խոսել է իշխող կուսակցության առաջարկած սահմանադրական բարեփոխումների ծրագրից, ինչպես նաեւ արձագանքել Էրդողանի հայտնի հայտարարությանը: «Հարկ եղած դեպքում 100 հազար անօրինական ապրող հայերին կվտարենք Թուրքիայից»,- վարչապետի այս հայտարարությունը ցույց է տալիս իշխող կուսակցության ժողովրդավարական արժեհամակարգը: Դա 1915-ի նորացված` 2010-ի տարբերակն է: Թալեաթ ու Էնվեր փաշաների 2010 թվականի տարբերակը…",- նշել է Դեմիրթաշը:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանը հետեւյալ կերպ է արձագանքել Էրդողանին. «Այդպիսի մոտեցումը Թուրքիայի դեմ արվող ամենամեծ անարդարություններից մեկն է: 72 միլիոնանոց ուժեղ Թուրքիայի կողմից նման քայլի դիմելը արտաքին քաղաքականությունում կբերի մեկուսացման եւ խիստ քննադատության Թուրքիայի դեմ: Ճիշտ մոտեցում չէ, ոչ էլ իրավական է»: Իսկ Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Ուֆուք Ուրասը, որը վերջերս անդամագրվեց «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը, որպեսզի վերջինս կարողանա խորհրդարանում խմբակցություն կազմել, հայտարարել է, որ Էրդողանի առաջարկածը 21-րդ դարի բռնի տեղահանման գաղափարի իմաստ ունի: