ԵԽԽՎ–ում շատ ավելի կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, քան Զարուհի Փոստանջյանի հարցը. դա բուն Սերժ Սարգսյանի ելույթն էր ու դրան հաջորդած հարցուպատասխանը, որն իմ մոտ հպարտություն առաջացրեց։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ասաց ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած հարցն ու հայտարարությունը։
«Զարուհու փորձերը՝ հավակնել Հերոստրատի դափնիներին ու փորձել տաճարներ այրելով սեփական անունը դարձնել այսօրվա կամ վաղվա լրահոսի թոփ լուսաբանում, կարծում եմ գուցե հաջողության հասնեն, որովհետև լրատվամիջոցները միշտ չէ, որ բծախնդիր են ճանճերը կոտլետներից զանազանելու գործում, բայց դա էլ շատ ժամանակավոր է ու Զարուհու կեցվածքն ավելի շատ այսօր Հայաստանում ընդդիմադիր մտքի, դաշտի համակարգային ճգնաժամի հայելի էր»,– ասաց Ա. Աշոտյանը։
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Հայաստանի օրակարգում կան բազմաթիվ այլ քաղաքական հարցեր, որոնք շատ ավելի ծանր վիճակի մեջ կարող էին դնել նախագահին պատասխանելու առումով, որովհետեւ համակարգային են, ժամանակ են պահանջում և գոյություն ունեն. «Իջնել մի մակարդակի, որը մակարդակ կոչել շատ դժվար է, ավելի շուտ համակարգային ճգնաժամի մասին է խոսում։ Համակարգային ճգնաժամի հայելին էր Զարուհու հարցը եւ ուրիշ ոչինչ»։
Աշոտյանը նշեց, որ շատ ուրախ է, որ Հայաստանում այսօր Զարուհի Փոստանջյանի նման հարցադրումից հետո կան մարդիկ , որոնք դեռ փորձում են նրան պաշտպանել. «Ուրախ եմ, որովհետեւ Հայաստանում ժողովրդավարությունը, բազմակարծությունը, այլակարծությունն իր բոլոր այլանդակ դրսեւորումներով այսօր գոյություն ունի: Ձեզ մի դրվագ հիշեցնեմ. 2003 թվականին ԵԽԽՎ պատվիրակության անդամ մի խումբ պատգամավորներ շատ կտրուկ ու բացասական ելույթ ունեցան Հայաստանի մասին՝ չիջնելով Զարուհու այսօրվա մակարդակին: Եվ այն ժամանակ՝ 2003 թվականին, մենք նրանց օդանավակայանում դիմավորեցինք վատ բովանդակությամբ պաստառներով եւ քաղաքացիական հասարակության ընդվզմամբ: Վստահ եմ, որ հիմա նա շատ հանգիստ կիջնի, կհասնի տուն, որեւէ մեկը որեւէ բան չի ասի»։
Նրա խոսքով՝ 10 տարվա ընթացքում Հայաստանը շատ է փոխվել, եւ «այսօր ունենք այն, ինչ ունենք՝ իր ծայրահեղ ու այլանդակ դրսեւորումներով հանդերձ»: Անդրադառնալով Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ակցիաներին՝ Աշոտյանն ասաց. «Հայաստանն ունիկալ երկիր է, միայն հայերս կարող ենք մեր քաղաքացիական, քաղաքական անհամաձայնությունը փորձել տանել, հասցնել Ստրասբուրգ: Ամոթ է, ուղղակի, ես ապշած եմ այդ պահվածքից, ապշած եմ Հայաստանի հարցերը Հայաստանից դուրս բարձրաձայնելու, Հայաստանի վրա չակերտավոր գրելու այդ գործելաոճից: Ոչինչ չի փոխվել, այդ մարդիկ մնացել են սովետական դարաշրջանում: Ժամանակին հայոց ղեկավարների վրա Մոսկվա էին գրում, հիմա գնում են Ստրասբուրգ գրելու: Ի՞նչն է փոխվել այդ մարդկանց մենթալիտետում, ոչինչ չի փոխվել, ուղղակի Մոսկան փոխել են Ստրասբուրգով»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























