Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին` «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում: Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի պատվիրակությունները:

Մինչ պլենար նիստը, հոկտեմբերի 1-ից 2-ը, տեղի կունենան ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի Նախագահին առընթեր աշխատանքային խմբի նիստերը, որոնց ընթացքում կհամաձայնեցվեն եւ վերջնական տեսքի կբերվեն պլենար նիստին ներկայացվող փաստաթղթերը:  

Պլենար նիստի ընթացքում կամփոփվեն նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, կքննարկվեն ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության շրջանակներում մշակված մի շարք նախագծերի, մասնավորապես` ՀԱՊԿ անդամ պետությունների մինչեւ 2015 թվականը ռազմատնտեսական համագործակցության ծրագրի, մի շարք համաձայնագրերի եւ այլ փաստաթղթերի նախագծերը:

Նիստի ավարտին (ժամը 12.00-ին) ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի ղեկավարները կստորագրեն համապատասխան արձանագրություն, որտեղ կամրագրվեն նիստի ընթացքում ընդունված որոշումները: Ստորագրման արարողությունից անմիջապես հետո տեղի կունենա  Նիկոլայ Բորդյուժայի եւ  Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը:

Նիստի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական կողմը, որի նախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը: