Այսօր Մոսկվա մեկնեց Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, ուր մարտի 25-ից 27-ը տեղի կունենա մարզական եւ մարտական սամբոյի տղամարդկանց եւ կանանց «Ա.Խառլամպինի հուշամրցաշար» անվամբ աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Այս մասին տեղեկացրել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու են 48 կգ քաշային կարգում հանդես եկող Ժաննա Վարդանյանը, 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը եւ 90 կգ քաշային Արմեն Իսպիրյանը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն համարվող մրցաշարն անց է կացվում 1980 թվականից, 1982-ից դարձել է միջազգային: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցաշարին մասնակցում են աշխարհի ուժեղագույն սամբիստները, 2009 թվականից այն ստացել է Սուպերգավաթի խաղարկության կարգավիճակ: