Կասպից ծովի ղազախական հատվածում ռուսաստանցի 11 որսագողերի են բռնել, հայտնել են Ղազախստանի սահմանապահ ծառայությունից:
Օրինախախտներին նկատել է Մի-8 ուղղաթիռի անձնակազմը: Նրանք «Բայդա» տեսակի արագընթաց մակույկներով են եղել եւ կանգ առնելու հրահանգին չեն արձագանքել՝ փորձելով փախչել, հայտնում է «Նովոստի-Կազախստանը»:
Որսագողերին բռնել են զենքի կիրառմամբ: Ոչ ոք չի տուժել: Օրինախախտների մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն եղել, սակայն սահմանապահները պարզել են, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են՝ Դաղստանի եւ Աստրախանի բնակիչներ: Նրանց մոտից 5,5 հազար մետր ձկնորսական ցանց են առգրավել, թառափազգի 62 ձուկ, երեք կենդանի եւ մեկ սատկած փոկ:




























