Ազգային Ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանին հանելեւ են պատվիրակության կազմից: Այսօր՝ հոկտեմբերի 3-ի նիստում հայտարարություն է արել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց:

Նաեւ ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք:

Հաշվի առնելով  ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  է  ենթակետը`  հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ եւ մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»,- ասել է ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում հոկտեմբերի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նրան հետեւյալ հարցն է տվել. «Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության, հայ ժողովրդի քվեի գողության հետեւանքով: Ուստի Դուք դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը: Ես Ձեզ այլ հարց կտամ: Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք եւ այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո եւ ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Ես ազարտային խաղեր չեմ խաղում եւ չեմ եղել եվրոպական կազինոներում: Ես հնարավորություն չունեմ տնօրինել 70 մլն եվրո: Եթե ես այդքան գումար ունենայի, դրա մի մասը ձեզ կնվիրեի, որ գոհ լինեիք կյանքից եւ այդպիսի չարություն Ձեր մեջ չկուտակվեր»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման հայտարարությունը հայ պատվիրակի երեւակայության արդյունքն է:

«Ցավոք, նախագահական ընտրություններում Ձեր թեկնածուն չկարողացավ դրսեւորել որակներ, որոնցով նա կարող էր ներկայացնել հայ ժողովրդին»,-հայտարարել է Հայաստանի նախագահը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am