Զարուհի Փոստանջյանն ասաց այն, ինչ մտածում է ողջ ժողովուրդը, դա ժողովրդի հոգու ճիչն էր, որն արտահայտվեց նրա շուրթերից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը։
«Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հարցին, ապա ասեմ, որ դուք տեսնում եք Հայաստանի դրությունը, եթե Քոչարյանի ասած մի տղամարդ չի գտնվում, ման ենք գալիս մի տղամարդու եւ այդ տղամարդը առայժմ չկա, ապա տվյալ դեպքում գոնե կին կա, որը ասաց այն, ինչ մտածում է ողջ ժողովուրդը, դա ժողովրդի հոգու ճիչն էր, որն արտահայտվեց Զարուհի Փոստանջյանի շուրթերից։ Երբ որ ընթանում է արդեն ոչ թե սողացող, այլ կոնկրետ դավաճանություն հայ ժողովրդի շահերին, ես այլ կերպ, քան այդպես բնութագրել Զարուհի Փոստանջյանի ասածը, չեմ կարող»,- ասաց նա։
ԵԽԽՎ պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հեռացնելը Երջանիկ Աբգարյանը ճիշտ չի համարում։ «Վերջին քայլը անօրինական եմ համարում, չի կարելի այդ կարգի քայլերի դիմել մարդուն նրա խոսքերի համար։ Ազատ խոսելու իրավունքը, կարծես թե, գոյություն ունի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում հոկտեմբերի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նրան հետեւյալ հարցն է տվել. «Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության, հայ ժողովրդի քվեի գողության հետեւանքով: Ուստի Դուք դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը: Ես Ձեզ այլ հարց կտամ: Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք եւ այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո եւ ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»:
Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Ես ազարտային խաղեր չեմ խաղում եւ չեմ եղել եվրոպական կազինոներում: Ես հնարավորություն չունեմ տնօրինել 70 մլն եվրո: Եթե ես այդքան գումար ունենայի, դրա մի մասը ձեզ կնվիրեի, որ գոհ լինեիք կյանքից եւ այդպիսի չարություն Ձեր մեջ չկուտակվեր»:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման հայտարարությունը հայ պատվիրակի երեւակայության արդյունքն է:
«Ցավոք, նախագահական ընտրություններում Ձեր թեկնածուն չկարողացավ դրսեւորել որակներ, որոնցով նա կարող էր ներկայացնել հայ ժողովրդին»,-հայտարարել էր Հայաստանի նախագահը:
Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ եւ որոշել է Զարուհի Փոստանջյանին հեռացնել ԵԽԽՎ պատվիրակության կազմից։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























