NEWS.am-ը նախօրեին հոդված էր հրապարակել «Հայկական «քցոցի» կամ ինչ սպասել տուրիստական գործակալություններից» վերնագրով:

Հոդվածում խոսքը կոնկրետ տուրիստական ընկերության կողմից հաճախորդների հանդեպ անբարեխիղճ վերաբերմունքի մասին էր:

Հոդվածում նշված  Smart Travel տուրիստական ընկերության արձագանքը միանգամայն սպասելի էր: Սկզբում գործակալություն զանգահարած ընկերության ներկայացուցիչները, որոնք, ի դեպ, չբարեհաճեցին ներկայանալ, վճռականորեն պնդում էին, որ գործակալության ստացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը  եւ ընկերության պատիվն ու արժանապատվությունն արատավորվող  ապատեղեկատվություն են: Ի գիտություն ընկերության ներկայացուցիչների եւ հարգարժան ընթերցողների՝ գործակալությունը նամակ չէր ստացել, NEWS.am-ի թղթակիցն իր տպավորություններն էր շարադրել Ուռեկիում անցկացրած հանգստի եւ տուրիստական ընկերության մասին:

Այնպես որ, ոչ մի ապատեղեկատվության, փաստերի աղավաղման եւ անանունության մասին պարզապես խոսք լինել չի կարող:

Ընկերության ներկայացուցիչները, մեղադրանքներով չսահմանափակվելով, անցան սպառնալիքների: «Դուք պատասխան կտաք», - NEWS.am-ի թղթակցին հայտարարեց ընկերության աշխատակցուհին:

Այնուհետեւ ընկերության պաշտպանները փորձեցին իրենց կողմը գրավել համացանցից օգտվողների համակրանքը՝ նյութի տակ հոդվածը քննադատող եւ տուրիստական ընկերությանը գովաբանող  մեկնաբանություններով: Առարկությունները գրված էին «Չի կարող պատահել, որովհետեւ երբեք չի կարող պատահել» ոգով: Կարծում եմ՝ բոլորին հասկանալի է քամին որտեղից է փչում, մանավանդ որ հաշվի առնենք այն, թե ինչ արագությամբ մեկնաբանությունների հեղինակների մոտ հայտնվեցին Ուռեկիի գնացքի ուղեւորների անուն-ազգանունները: Այսպիսով, ստացվում է, որ ընկերությունը նաեւ տարածում է հաճախորդների տվյալները: Երեւում է՝  Smart Travel-ի համար դա եւս նորմալ երեւույթ է:

Ցավալի է, որ բարեխիղճ եւ հաճախորդների մասին մտահոգվող կոչմանը հավակնող ընկերությունը քննադատությունից համապատասխան եզրակացություն անելու փոխարեն փորձում է տարատեսակ միջոցներով «վրաերթ» կատարել:

Ընկերության ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս պարզապես ծանոթանալ իրենց ծառայությունից օգտված այլ քաղաքացիների մեկնաբանություններին: