Դեռեւս վաղնջական ժամանակներից հայտնի է, որ ձեռքերը թափահարելու ձեր իրավունքն ավարտվում է իմ քթի մոտ, հենց որ վիրավորանք է հասցվում, իսկ երբ անձնական վիրավորանք է հասցվում, դա արդեն խոսքի ազատություն չէ եւ այլ կերպ է բնութագրվում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 3-ին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով  ԱԺ նախագահի՝ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունից կրճատելու որոշումը:

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ իր համար անհասկանալի է, թե այլ պետությունում սեփական երկրի նվաստացումն ինչպես կարող է նպաստել իշխանափոխության համար պայքարին, որը վարում է ընդդիմությունը:

«Աշխարհում հաճախ է լինում, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց երկրի ներսում մեղադրվում են տարբեր, այդ թվում՝ Քրեական օրենսգրքի հոդվածներով, սակայն ես չեմ տեսել, որ իտալացի պատգամավորը միջազգային ամբիոններից նման հարցեր հնչեցներ Բեռլուսկոնիի վերաբերյալ, որի վարքն ամբողջ աշխարհում հայտնի է», - ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանին մեծ հարված հասցվեց:

Պատգամավորը Փոստանջյանի քայլը գնահատել է որպես Հայաստանը խայտառակելու փորձ:

«Սա իմ երկիրը խայտառակելու փորձ էր, անկախ նրանից՝ ով է ղեկավարում, սա իմ երկիրն է: Մարդիկ իշխանությունն ու պետականությունը չեն տարբերում: Իշխանությանը հարվածելու համար պետականության են հարվածում: Կփորձեմ չեզոքացնել բացասական հետեւանքները»:

Հարցին, թե արդյոք համոզիչ էր նախագահի պատասխանը, թե խաղատանը չի խաղում,  Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինչ իրավունք ունեմ հավատալու կամ չհավատալու, նրա հետ խաղատանը չեմ եղել, հետեւաբար որեւէ գնահատական տալու բարոյական իրավունք չունեմ»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am